Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի ընդունել պարտությունը՝ հայտարարելով, որ իր կողմնակիցների բողոքները քվեարկության հետ կապված՝ «տարակուսանքի եւ անարդարության զգացողության» արդյունք էին, տեղեկացրել է Reuters-ը։
Բայց նա չի վիճարկել ընտրությունների արդյունքները եւ լիազորել է իր շտաբի պետ Սիրո Նոգեյրային սկսել անցումային գործընթաց ընտրված նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ներկայացուցիչների հետ։
Նրա կողմնակիցներն արգելափակել են մայրուղին՝ ի նշան բողոքի, իսկ ոմանք կոչ են արել ռազմական հեղաշրջում կատարել, որպեսզի խանգարեն նախկին նախագահ Լուլային վերադառնալ իշխանություն։
Բոլսոնարուն իր կարճ ուղերձում կատակել է, որ լրագրողներն իր պակասը կզգան, շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին եւ ասել, որ կհետեւի սահմանադրությանը, որը նախատեսում է իշխանության հանձնում հունվարի 1-ին։
«Ներկայիս ժողովրդական շարժումներն ընտրական գործընթացից անարդարության զգացողության արդյունք են»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ցուցարարները պետք է աշխատեն չփչացնել գույքը կամ չխանգարեն ազատ տեղաշարժին։ Բայց նա նրանց ցրվելու կոչ չի արել։
«Բոլսոնարուն չի մարել այդ հրդեհը։ Նա խոսել է իր համոզված կողմնակիցների հետ՝ չքննադատելով մայրուղու ցուցարարներին»,- ասել է քաղաքական ռիսկերի գծով վերլուծաբան Անդրե Սեզարը Hold Legislative Advisors-ից։ «Նա մոբիլիզացնում է իր ավելի ծայրահեղական հետեւորդներին»։
34-ամյա Կարինա Լաուրինդան, որը մասնակցել է ցույցերին Սան Պաուլուի սահմաններից դուրս, ասել է, որ շարունակելու է բողոքել։ «Անգամ եթե նա ասի՝ բավական է, մի արձագանքեք, մենք, միեւնույն է, արձագանքելու ենք, որովհետեւ մենք չենք ընդունի Լուլայի կառավարությունը»,- ասել է նա։





























