Էլի մեկ շաբաթ, եւ օգնության էլի մեկ փաթեթ։ Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկվում էլ ավելի մեծ օգնություն անվտանգության ոլորտում, եւ այս անգամ՝ 275 մլն դոլարի չափով։ Ուկրաինային հատկացված ընդհանուր գումարը, դրանով հանդերձ, գերազանցել է 18 մլրդ դոլարը՝ Բայդենի պաշտոնավարումից ի վեր, գրել է Newsweek-ը։

«Այս թվերը, հավանաբար, կավելանան, քանի որ Բայդենի վարչակազմը կհայտարարի օգնության ավելացման մասին առաջիկա շաբաթներին, ամիսներին եւ անգամ տարիներին։ Միացյալ Նահանգները պատերազմից հյուծված Աֆղանստանին, սակայն, ընդամենը 1,1 մլրդ դոլար էր հատկացրել 2021թ. օգոստոսին հեռանալուց հետո։ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական հոսքի չվերահսկվող հոսքը, որը գուցե օգնելու ազնիվ մղումն է արտացոլում, բարձրացնում է երեք վառ կարմիր դրոշ։

Նախ՝ Համաշխարհային տնտեսության Կիլի ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ հարկատուների դոլարները, որոնք հատկացվում են Ուկրաինային, շատ ավելի են գերազանցում բոլոր եվրոպական երկրներին օգնության ցուցաբերման պարտավորությունները։ Միացյալ Նահանգները մշտապես հաստատել է Ուկրաինային աջակցելու խոստումները, այն դեպքում, երբ այլ երկրներ այժմ վերանայում են իրենց ֆինանսական պարտավորությունները։

«Այժմ ԱՄՆ-ը մոտ երկու անգամ ավելի միջոցներ է հատկացնում, քան բոլոր երկրներն ու ԵՄ ինստիտուտները միասին վերցրած»,- նշել է «Կիլի ինստիտուտի Ուկրաինական տրեկեր»-ի ղեկավար Քրիստոֆ Տրեբեշը։

Երկրորդ՝ սա նախագահական լիազորությունների ակտիվ օգտագործում է ծախսերի կրճատման գծով՝ Ուկրաինային օգնելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը կրճատումների կոչ է անում, որպեսզի «արձագանքի չկանխատեսված արտակարգ իրավիճակներին եւ այլ պահանջների՝ առանց նախապես լրացուցիչ օրենսդրական լիազորություններ կամ բյուջետային հատկացումներ խնդրելու անհրաժեշտության»։

Նախագահական լիազորության օգտագործումը կրճատման վերաբերյալ հանգեցրել է անհավանական ընդլայնման Բայդենի վարչակազմի օրոք եւ հանել է ֆինանսական թափանցիկության զսպումներից եւ հահակշիռներից մեկը։ Նախագահ Ջո Բայդենն արտոնել է ավելի քան 10,9 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային  միջոցների 24 հատկացումների ընթացքում՝ 2021թ. օգոստոսից մինչեւ 2022թ. հոկտեմբերի 28։ Եղել են նաեւ միջոցների 13 հատկացումներ՝ արտոնված 2011-2015 ֆինանսական տարիներին՝ 321,5 մլն դոլար ընդհանուր գումարով, որոնք բաշխվել են մի քանի ստացող երկրների միջեւ։ Կոնգրեսն ավելացրել է նախագահի լիազորությունների սահմանաչափը՝ 100 մլն դոլարից 11 մլրդ-ի 2022 ֆինանսական տարում։

Օգնության եւ լիազորությունների օգտագործման մասշտաբներն աննախադեպ են։ Բայց ավելի տագնապալի է Ուկրաինայի պրոֆիլը՝ որպես կոռումպացված քվազիդեմոկրատիայի։ Քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները կցանկանային ստիպել ամերիկյան հասարակությանը հավատալ, որ իրենք աջակցում են առաքինի, ազատասեր կառավարության, բայց դոլարների հիմնական հասցեատերը պետությունն է, որը պատված է կոռուպցիայով։

Freedom House-ը Ուկրաինան բնութագրել է որպես «մասնակի ազատ» երկիր։ Կազմակերպությունը եկել է այն եզրահանգման, որ անգամ անկախության 30 տարիներից հետո Ուկրաինան «չի կարելի կայուն կոնսոլիդացված դեմոկրատիա» անվանել։ Կազմակերպությունն Ուկրաինան որակել է որպես «անցումային կամ հիբրիդային վարչակարգ»՝ «դեմոկրատիայի տոկոսը» գնահատելով 39,29 միավոր 100-ից։ Երկիրը 2021թ. զբաղեցրել է 122-րդ տեղը 180 երկրների շարքում Կոռուպցիայի ընկալման ինդեքսի ցուցիչով, ըստ Transparency International-ի։

Քանի որ նախագահ Բայդենն ինքը հերքում է այն գաղափարը, որ Ուկրաինան կարող է դիտարկվել որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու կոռուպցիայի պատճառով, նման շռայլ ֆինանսավորումը դժվար է արդարացնել։

«Անգամ եթե դա ազնիվ գործ է, գողություն կլինի»,- ասել է Աֆղանստանի վերակառուցման գծով հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն։ «Կլինեն անիրավաչափ գործողություններ։ Կլինի քավոր-սանիկություն։ Կլինեն հիմար որոշումներ։ Մարդկային բնույթն է այդպիսին»։ Նա նաեւ ասել է, որ մեկ-երկու տարի հետո մենք «կկարդանք պատմություններ խարդախությունների, մսխումների եւ չարաշահումների մասին»։

Նախնական գնահատականներով՝ ռազմական բեռների միայն մեկ երրորդն է նշանակման վայր հասնում Ուկրաինայում, ասել է Blue-Yellow կազմակերպության աշխատակից Յոնաս Օհմանը։ CBS-ի փաստագրական ֆիլմը եւ հոդվածը՝ «Ինչո՞ւ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը միշտ չէ, որ հասնում է ճակատի գիծ» վերնագրով, անմիջապես ուղղվել է խմբագրի ծանոթագրությամբ, որում նշվել է, որ ռազմական տեխնիկայի առաքումը զգալիորեն բարելավվել է, բայց ոչ մի փաստ չի ներկայացվել։ Ըստ հոդվածի՝ օգոստոսին Ուկրաինա է մեկնել նաեւ ԱՄՆ բրիգադի գեներալ Գարիկ Մ. Հարմոնը՝ սպառազինությունների վերահսկման նպատակով։

Երկրում տեղի է ունեցել հանցագործության աճ, ինչին նպաստել է անլեգալ զենքի ներհոսքը մարտական գործողությունների գոտուց։ Զենք ունեցողների ուկրաինական ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Գրիգորի Ուչայկինը նշել է, որ կոռուպցիան է կառավարությունում մասամբ մեղավոր զենքի ապօրինի շրջանառության աճի հարցում։

Արեւմտյան պաշտոնյաները բացահայտ ընդունել են այն ռիսկերի գոյությունը, որոնք կապված են զենքի ապօրինի տարածման հետ եւ կոչ են արել Ուկրաինային ավելի թափանցիկ գործել։ Վերջերս ստեղծված վերահսկման մեխանիզմները հուսադրող են։ Բայց երկար սպասված բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարում մի ակնթարթում չեն լինի, մանավանդ ռազմական ժամանակ։

Հասկանալի է, որ Ուկրաինան դրսի օգնության կարիքն ունի։ Հարցն այն չէ, թե արդյոք մենք պետք է աջակցենք Ուկրաինային։ Հարցն Ուկրաինային օգնության գլխապտույտ առաջացնող արագությունն է, որն առաջ է անցնում վերահսկողությունից, կոռումպացված խաղացողների կողմից ձեռք բերվող փողերից եւ յուրաքանչյուր քայլափոխին դրված կարմիր դրոշներից։ Ֆիսկալ պատասխանատվությունը եւ վարչական թափանցիկությունն ամերիկացի հարկատուների համար չպետք է անտեսվեն՝ չնայած անհապաղ անհրաժեշտությանը։