Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «հացահատիկային միջանցքի աշխատանքի վերսկսման մասին, որն ապահովում է Ուկրաինայի նավահանգիստներից դեպի Սեւ ծով գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները։ Այս մասին նա հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հաղորդում է Anadolu-ն։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ նախօրեին «հացահատիկային միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին բանակցություններ է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ինքը մտադիր է «հացահատիկային միջանցքի» հարցը քննարկել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Էրդողանը նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը թուրք գործընկերոջն ասել է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-ից կվերսկսվի «հացահատիկային միջանցքով» գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը։