Պետք է շարունակել կանխիկ միջոցների շրջանառության կրճատման ուղղությամբ աշխատանքները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կանխիկ միջոցների շրջանառության կրճատումը կապահովի միանգամից երեք էֆեկտ։ Նախ, ինչպես նշեց Փաշինյանը, կապահովվի հակակոռուպցիոն էֆեկտը։ «Կառավարությունը հայտարարում է կոռուպցիային վերջ դնելու մտադրության մասին, սակայն մտադրությունների անկեղծության կարեւորագույն ցուցիչ են գործողությունները։ Օրինակ, ի՞նչ է ձեռնարկվում՝ կանխիկ միջոցների շրջանառությունը կրճատելու համար։ Չէ՞ որ դա էապես կնվազեցնի կոռուպցիոն հնարավորությունները»,-նշեց նա։
Հաջորդ էֆեկտը ֆիսկալն է։ Փաշինյանը նշեց, որ դրամական շրջանառության թափանցիկությունը նպաստում է ավելի շատ միջոցների ներգրավմանը։ Իսկ դա, իր հերթին, նպաստում է ֆինանսատնտեսական եւ մակրոտնտեսական կայունությանը։
Երրորդ էֆեկտը սոցիալականն է։ «Հայաստանում այս մոտեցումը սկսել է կիրառվել վերջերս։ Խոսքը կենսաթոշակառուների կողմից անկանխիկ միջոցների օգտագործման դեպքում քեշբեքի մասին է։ Մենք բարձրացրել ենք կենսաթոշակները սեպտեմբերին։ Մենք մտադիր ենք կենսաթոշակները բարձրացնել նաեւ հաջորդ տարի, սակայն բարեփոխումը, որն իրականացվել է քեշբեքի տրամադրման մասով, նույնպես կենսաթոշակների յուրօրինակ բարձրացում է։





























