Ալավերդիի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 11-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Լոռիի մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Իրինա Մաթեւոսյանը։
Նրա տեղեկացմամբ, քաղաքապետի պաշտոնին հավակնում են Ալավերդիի արդեն նախկին փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը եւ Ալավերդիի ներքաղաքային երթեւեկությունը կանոնակարգող «Քարափ տրանս» ՍՊԸ տնօրեն Կամո Բաբայանը։ Հատկանշական է, որ Արտավազդ Վարոսյանը Հանրապետական կուսակցության Թումանյանի տարածաշրջանային խորհրդի փոխնախագահն է, իսկ ահա մյուս թեկնածուն Կոմունիստական կուսակցության անդամ է եւ ինքնաառաջադրվել է։
Նշենք, որ թեկնածուների նախընտրական քարոզարշավը սկսվել է օգոստոսի 30-ից։
Հիշեցնենք նաեւ, որ Ալավերդիի նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը հուլիսի 28-ին նշանակվել էր Լոռիի մարզպետ, այդ է պատճառը, որ քաղաքում արտահերթ ընտրություններ են նշանակվել։ Նալբանդյանն Ալավերդին ղեկավարում էր 2005 թվականից։




























