Չի բացառվում, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգ վերադարձնի մինչեւ հոկտեմբեր։ Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Շաքարյանի խոսքով, հոկտեմբերին լրանում է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման երկու տարին։ «Սա Հայաստանի համար լավ հնարավորություն է՝ ցույց տալու աշխարհին, որ Թուրքիան ձախողեց հայ-թուրքական գործընթացը, ինչի հետեւանքով հայկական կողմը եւս մեկ հետքայլ է անում՝ հետ կանչելով ստորագրությունները»։

Միաժամանակ, թուրքագետը կարծիք հայտնեց, որ թուրքական կողմը նախատեսում է իրադարձությունների նման զարգացումը, եւ որպեսզի կանխի այն, հայ-թուրքական արձանագրությունները կվերադարձնի խորհրդարանի օրակարգ։ «Դա Թուրքիայի քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխի, սակայն այդ երկրին հնարավորություն կընձեռվի ցույց տալ համաշխարհային հանրությանը, որ գործընթացը սառեցված չէ, քանի որ այս պահին աշխարհը դրանում մեղադրում է Թուրքիային»,- ընդգծեց Շաքարյանը։

Իսկ ահա ասուլիսի մյուս մասնակիցը՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը տրամաբանորեն հակառակ կարծիքի է։ Նրա խոսքով, Հայաստանը Թուրքիայի հետ չպետք է գործընթացի ձախողման մասնակից լինի։