Շվեյցարիան կրկին մերժել է Ուկրաինա շվեյցարական զինամթերքի վերաարտահանման թույլտվության Գերմանիայի խնդրանքը, հայտարարել է կառավարությունը՝ նշելով, որ նման քայլը կխախտի շվեյցարական չեզոքությունը, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտն անցյալ ամիս դիմել է Բեռնում կառավարությանը՝ խնդրելով թույլտվություն տալ Gepard զենիթային տանկերի համար շվեյցարական արտադրության 12 400 արկ մատակարարել, տանկերը Բեռլինն արդեն մատակարարել է Ուկրաինային։
Բայց Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գայ Պարմելինը տվել է նույն պատասխանը, ինչ Շվեյցարիայի կառավարությունը հունիսին, երբ մերժել էր ավելի վաղ խնդրանքը: «Չեզոքության իրավունքում հավասար վերաբերմունքի սկզբունքի համաձայն՝ Շվեյցարիան չի կարող համաձայնել Ուկրաինային շվեյցարական ծագման ռազմական տեխնիկա փոխանցելու խնդրանքին, քանի դեռ վերջինս ներգրավված է միջազգային զինված հակամարտության մեջ»,- ասել են կառավարությունում։ «Քանի որ իրավական իրավիճակը մնում է անփոփոխ, դեռեւս անհնար է Գերմանիայի կողմից շվեյցարական ռազմական տեխնիկան Ուկրաինային փոխանցելու համաձայնություն տալը»,- հավելել է նախարարությունը։
35 մմ տրամաչափի արկերն ի սկզբանե շվեյցարական ընկերությունների կողմից տասնամյակներ առաջ մատակարարվել են գերմանական բանակին՝ պայմանով, որ նա չի կարող վերաարտահանել զինամթերքը առանց Շվեյցարիայի թույլտվության:





























