ՆԱՏՕ-ի կողմից Թուրքիայի հարավ-արեւելքում տեղակայվելիք ռադարի գործողության շառավիղն իր մեջ կներառի ողջ Մերձավոր Արեւելքը: Այս մասին նշել է Վրաստանի անվտանգության քաղաքականության փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել է փորձագետը, այդ քայլն ուղղված է ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովմանը։
Հակահրթիռային համակարգը կազմված է երկու բաղադրիչից. առաջինը հրթիռների հայտնաբերման ռադարն է , իսկ երկրորդը հակահրթիռային համակարգն է, որը պետք է ոչնչացնի այդ հրթիռները։
Ինչպես երեւում է, Թուրքիան համաձայնել է իր տարածքում տեղադրել միայն ռադարը, քանի որ այդ երկիրը կրոնական համերաշխությանը մեծ կարեւորություն է տալիս եւ միշտ ձգտում է պահպանել մահմեդական աշխարհի եւ Արեւմուտքի միջեւ հավասարակշռությունը։
«Բացի այդ, Թուրքիան ունի իր սեփական հակահրթիռային համակարգերը, իսկ նոր տեղադրված ռադարները կներգրավվեն ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգում» հայտարարել է ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի օդային պաշտպանության համակարգի շրջանակներում, որոնք ստեղծում են ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն, Թուրքիայում կտեղադրվի հրթիռային հարձակման վտանգի վերաբերյալ զգուշացնող ռադարային համակարգ:



























