Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ժամանել ԱՊՀ 20-րդ հոբելյանական գագաթաժողովին, որովհետեւ նա զբաղված է երկրի արժութային-ֆինանսական կարգավորման սուր հարցերով: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը, ով ԱՊՀ գագաթաժողովում բելառուսական պատվիրակության կազմում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա հերքել է խոսակցություններն այն մասին, որ Լուկաշենկոն չի ժամանել ԱՊՀ գագաթաժողովին, քանի որ նա դժգոհ է ԱՊՀ աշխատանքից:

Մարտինովի ներկայացմամբ, ճիշտ չեն նաեւ տեղեկությունները, թե Բելառուսի առաջնորդի բացակայությունը պայմանավորված է ռուս-տաջիկական հարաբերություններով:
«Մենք ափսոսում ենք, որ նա այստեղ չէ, բայց այստեղ է վարչապետը, ով օժտված է բոլոր անհրաժեշտ լիազորություններով եւ հրահանգավորված է»,- նշել է նա:

Նշենք, որ Դուշանբեում կայացող ԱՊՀ գագաթաժողովին չեն մասնակցում նաեւ Ուզբեկստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Հշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցելու համար սեպտեմբերի 2-ին այնտեղ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս գագաթաժողովը հոբելյանական է. 20 տարի առաջ, 1991-ի դեկտեմբերին ստեղծվեց ԱՊՀ-ն: