Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Գերմանիայի դեմ, Եթե Բեռլինը պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Աբդոլլահիանի ուղերձը հասցեագրված է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին․ «Հին կապերի խզումը երկարաժամկետ հետեւանքներ կունենա։ Գերմանիան կարող է ընտրել փոխգործակցությունը՝ հանուն ընդհանուր խնդիրների լուծման կամ առճակատման։ Մեր պատասխանը կլինի համաչափ եւ հաստատուն»։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն հայտարարել է, որ Եվրամիությունում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների շուրջ բանակցությունները կառուցողական են ընթանում: Արեւմտյան երկրները քննարկում են Իրանի նկատմամբ սահմանափակումները Իսլամական Հանրապետության տարածքում կանանց իրավունքների համար շարունակվող բողոքների ֆոնին:
Եվրամիությունում համոզված են, որ Իրանի իշխանությունները խախտում են ակտիվիստների իրավունքները՝ նրանց նկատմամբ բռնություն կիրառելով։ Իրանում բողոքի ցույցեր են սկսվել 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջկան ձերբակալել են գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել։ Սոցցանցերում ենթադրում են, որ ոստիկանները նրան ծեծի են ենթարկել։





























