Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, որը շքեղ ժամացույցների սիրահար է, ժամացույցներ կբաժանի Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջազգային գագաթաժողովի մասնակից ղեկավարներին՝ որպես հուշանվեր, տեղեկացրել է Reuters-ը։

Հուն Սենը, որը Կամբոջան ղեկավարում է 37 տարի, վերջին տարիներին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ այն լուսանկարների հրապարակումից հետո, որոնցում երեւում են շքեղ ժամացույցները, այդ թվում Patek Philippe-ը եւ Richard Mille-ը, որոնցից յուրաքանչյուրն արժե ավելի քան 1 մլն դոլար, այն դեպքում, երբ երկրի մեծ մասը պայքարում է աղքատության դեմ։

Հուն Սենի՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակած լուսանկարում երեւում է սահմանափակ արտադրությամբ ժամացույցի թվատախտակը՝ ոսկե սլաքներով, թափանցիկ կորպուսով եւ դարչնագույն կաշվե կապով՝ զարդարված «ԱՍԵԱՆ Կամբոջա 2022» եւ «Պատրաստված է Կամբոջայում» բառերով։

«Այս ժամացույցները հավաքվել են կամբոջական տեխնիկայով, Կամբոջայի տեխնոլոգիաներով»,- գրել է Հուն Սենը 25 ժամացույցների մասին, որոնք արտադրվել են սահմանափակ քանակությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաշխարհային առաջնորդների թվում է, որը մասնակցելու է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովին, որը կայանալու է Պնոմպենում։

Կամբոջական ժամացույցների արժեքի մասին չի նշվում։