Ներկայիս աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հակասությունները բացասական ազդեցություն են գործում Եվրասիայում։ Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք բոլոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ դիմակայելու համար։ Այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը՝ ելույթ ունենալով Սամարղանդում, Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում։

«Մեր պետությունները կապում են Արեւմուտքը եւ Արեւելքը, Հյուսիսը եւ Հարավը։ Ուստի ներկա անցումային շրջանում կարեւոր նշանակություն են ստանում տրանսպորտային-տարանցման պոտենցիալի բարձրացումը եւ դրանց հնարավորությունների առավելագույն օգտագործումը։ Վառ օրինակ է  Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որն անցնում է երեք եղբայրական պետությունների՝ Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքիայի տարածքով։ Ուստի, մենք առաջնահերթ ենք համարում տրանսպորտային-լոգիստիկ ճյուղի զարգացումը։ Դրա զարգացման համար Ղազախստանը միայն վերջին 15 տարիներին 35 մլրդ դոլար է հատկացրել։ Մեր երկիրը հետաքրքրված է տրանսպորտային երթուղիների ավելացմամբ եւ լոգիստիկայի զարգացմամբ»,- նշել է Տոկաեւը։