ԱԺ մամուլի ծառայությունն արձագանքել է NEWS.am կայքում այսօր հրապարակված «Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանի հովանավորած ասմունքի փառատոնին նրա մեծադիր լուսանկարն է դրվում, ոչ թե Չարենցինը կամ Տերյանինը»  հրապարակմանը:

Նյութում լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն, անդրադառնալով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կազմակերպվող ասմունքի փառատոնին, նշել էր, թե իրեն դուր չի գալիս, որ այդ մրցույթի մասին  հայտարարության տեքստի մեջ Հովիկ Աբրահամյանի մեծադիր լուսանկարն են դնում: «Նրանց մտքինը Տերյան կամ Ռազմիկ Դավոյան կարդալը չէ, այլ Հովիկ Աբրահամյան անձի անուղղակի կամ ուղղակի քարոզչությունը: Տերյան լիներ, Չարենց լիներ, դուք լինեիք (նկատի ունի ասուլիսի մյուս բանախոս Ռազմիկ Դավոյանին-NEWS.am), բայց ոչ Հովիկ Աբրահամյանը»,- ասել էր նա:

Այս առնչությամբ, ԱԺ մամուլի ծառայության պարզաբանման մեջ նշվում է.

«Տեղեկացնում ենք, որ այն բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը:  Մինչ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ -փառատոններում երբեւէ  չի ներկայացվել Հովիկ Աբրահամյանի լուսանկարը, ինչպես պնդում է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Մասնավորապես, ասմունքի վերջին փառատոնները նվիրված են եղել Վահան Տերյանին եւ Հովհաննես Շիրազին, որոնք ուղեկցվել են հենց մեծ  բանաստեղծների նկարներով: Իսկ  Եղիշե Չարենցին նվիրված փառատոն դեռեւս չի անցկացվել:

Փառատոնի մասին ավելի օբյեկտիվ պատկերացում ունենալու համար թերեւս լավ կլիներ գոնե մեկ անգամ ներկա լինել դրան:

Նշենք նաեւ, որ ասմունքի մանկապատանեկան երեք մրցույթ փառատոների մասին ամբողջական տեղեկատվությունը տեղադրված է նաեւ ԱԺ ինտերնետային կայքում»: