Ադրբեջանի բանակում տեղի ունեցող օրինախախտումներն ու կոռուպցիոն դեպքերը նորություն չեն, սակայն բանակում սովի առկայության մասին ամեն անգամ չէ, որ խոսվում է, այդ մասին հայտնում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը:

Դեռեւս 1998-ին տեղեկություն էր տարածվել ադրբեջանական բանակի 4 զինվորի մահվան մասին: Պաշտոնական տեղեկության համաձայն, ադրբեջանական բանակի զինվորներ Զաուր Հուսեյնովը, Էլբրուս Մեմեդովը, Աղաօղլու Միրզաեւը եւ Զահիր Նասրուլլաեւը մահացել են ադրբեջանա-ղարաբաղյան առաջին գծի խրամատներում իրենց պարտականությունների իրականացման ժամանակ քաշը կորցնելու հետեւանքով: Սակայն 13 տարի անց սարսափազդու միջադեպի վերաբերյալ նոր փաստարկներ են ի հայտ եկել:

«Մուսավաթ»-ը հայտնում է, որ մահացածների մարմինները դիահերձող բժշկական փորձագետը նրանց մահվան վերաբերյալ վկայագրերում մահվան պատճառ է արձանագրել ալիմենտար դիստրոֆիա հիվանդությունը:

Հայտնի է, որ ալիմենտար դիստորֆիա հիվանդությունը վերջին անգամ ի հայտ է եկել 1942 թվին Լենինգրադի շրջափակման ժամանակ: Հիվանդության էությունն այսպիսին է. թերսնումից մարդու ոսկորի եւ մսի միջեւ եղած ճարպային շերտը սկսվում է հալվել եւ օրգանիզմի բնականոն աշխատանքը խափանվում է: Հիվանդությունից մարդու իմունային համակարգը թուլանում է, եւ հիվանդը ամենաաննշան հիվանդությունից անգամ կարող է մահանալ: Թերսնման դեպքում ալիմենտար դիստրոֆիան ի հայտ է գալիս առաջին իսկ ամսում:

Զինվորները առնվազն մեկ ամիս նորմալ չեն սնվել: Սակայն Պաշտպանության նախարարության փաստաթղթերի հիման վրա, զինվորներն իբր սնվել են շոկոլադե յուղով, ձկան ճաշատեսակներով, խաղողով, լուծվող սուրճով եւ այլ մթերքներով: Ներկայումս բանակին ուտելիք մատակարարելու գործընթացը տեղի է ունենում «հայտամրցույթի» անցկացմամբ:

«Մուսավաթ»-ի հաղորդմամբ, այն ժամանակ բանակային անոմալիան հետազոտող փորձագետներից մեկն ասել է. «Հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ բանակի համար գնվող մսի յուրաքանչյուր կիլոգրամի համար պետական բյուջեն 1 դոլար է հատկացնում: Մի զինվորի համար մսի օրական չափաբաժինը 200 գրամ է կազմում: Տարեկան հաշվարկով մեկ զինվորին 73 կիլոգրամ միս է բաժին ընկնում: Կարելի է ասել, որ 1 զինվորը պետբյուջեի գողերին տարեկան 73 դոլարի եկամուտ է բերում: Կոշտ հաշվարկներով, ադրբեջանական բանակի գողերը միայն մսից 5 միլիոն դոլար եկամուտ են ստանում: Եվ սա դեռ վերջը չէ: Պատկերացնում եք թե Պաշտպանության նախարարությունում գողությունը ինչ չափերի է հասնում: Հարց է առաջանում. հարգելի ադրբեջանցի գերեներալները` «բանակի առնետներն», էլ ինչ պետք է անեն, որպեսզի Ֆեմիդան կարողանա  ըստ արժանվույն գնահատել նրանց արարքները»,-եզրափակում է «Մուսավաթ»-ը: