Գերմանիայի կառավարությունը Թուրքիային կոչ է անում պահպանել միջազգային իրավունքը Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնելիս եւ չսրել առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային գործել համաչափ եւ պահպանել միջազգային իրավունքը։ Սա առաջին հերթին վերաբերում է խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը»,- ասել է նա: «Թուրքիայի ավիահարվածների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում ենթադրյալ զոհվածների մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ մյուս խաղացողներին չձեռնարկել քայլեր, որոնք կարող են սրել առանց այն էլ լարված իրավիճակը Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում»,- ընդգծել է Բուրգերը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Գերմանիայի իշխանությունները համերաշխություն են հայտնել Թուրքիային, եւ որ, ըստ հետաքննության, դրա պատասխանատվությունը կրում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:

Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «Ճանկ-թուր» օդային գործողություն է իրականացրել, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ եւ 20 անօդաչու թռչող սարք։