Տնտեսագիտական համալսարանի շենքում, որտեղ տարօրինակ հոտի պատճառով տարհանվել են ուսանողներն ու դասախոսները, գազի արտահոսք չկա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել։ Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։

Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։

Տուժածներ չկան»:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ:

ԱԻՆ-ի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։