Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը, որն ավարտվել է 4:0 հաշվով, այժմ գտնվում է ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում: «Եվրո-2012»-ի ընտրական խաղում  Հայաստանի հավաքականի հաղթանակին նվիրված «Հայաստանը ցանկանում է վեր խոյանալ Սլովակիայի նկատմամբ տարած ցնցող հաղթանակից հետո» վերտառությամբ հոդված է հրապարակվել:

 Հոդվածում ՈՒԵՖԱ-ի թղթակիցը նշում է, որ թիմում Վարդան Մինասյանի ընդգրկումից հետո լրջորեն փոխվել է Բ խմբի դրությունը:

«Խաղի առաջին րոպեներին մենք հավատում էինք, որ  կարող ենք հաղթանակ տանել»,-խաղից հետո հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանը:

«Մեր բախտը մի քիչ բերել է, քանի որ սլովակներն ունեին լավ հնարավորություններ, բայց նրանք գոլ չխփեցին եւ մեզ հաջողվեց նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել: Խաղից առաջ չէինք կարծում, որ հաղթանակ կտանենք 4-0 հաշվով, բայց հավատում էինք, որ կկարողանանք հաղթել: Մենք իրական հնարավորություն ունենք եւ պետք է կենտրոնանք հաջորդ քայլի վրա: Հաղթանակի հիմնական բացատրությունը մեր հավաքական ոգին է»,-հայտարարել է Հայրապետյանը:

Խաղից հետո Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նշել է, որ ջախջախիչ պարտությունը մեծ հարված էր հավաքականի համար:

«Ես պատասխանատվություն եմ զգում այդ պարտության համար: Մենք վատ չենք խաղացել առաջին խաղակեսին, բայց երկրորդ խաղակեսը սխալ հունով ընթացավ, եւ Հայաստանի հավաքականը պատժեց մեզ: Շնորհավորում ենք նրանց այդ հաղթանակի առթիվ»,-Վայսին մեջբերում է ՈւԵՖԱ-ն: