Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման հետ կապված Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացնի կիրակի ժամը 19:00-ին, հայտնել է սերբական RTS ազգային հեռուստաընկերությունը։

Այն նշում է, որ Սերբիայի ղեկավարը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին հայտարարել է սպասվող գործողության մասին, որի ընթացքում Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցները կանգնեցված բարիկադները վերացնելու համար։ Նա սերբերից պահանջել է հեռացնել բարիկադները մինչեւ դեկտեմբերի 11-ի երեկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնում է Vecherne Novosti-ն, Կոսովոյի Անվտանգության խորհրդի նիստից հետո վարչապետ Ալբին Քուրտին առցանց հանդիպման ընթացքում հնգյակի երկրներին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա) զեկուցել է, որ վերջնագիր է ներկայացրել նահանգի սերբերին. բարիկադները հյուսիսային Կոսովոյից եւ Մետոհիայի մայրուղիներից հեռացնելու վերաբերյալ: Հակառակ դեպքում իրավիճակին կմիջամտի Կոսովոյի ոստիկանությունը։

Ավելի վաղ Յարինջե անցակետում ձերբակալվել էր սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչը։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունը անցակետի մոտ գտնվող մի քանի բնակավայրերում արգելապատնեշներով փակել է մայրուղին եւ դուրս եկել ցույցի։ Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկները, ինչպես նաեւ Կոսովոյում եւ Մետոհիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Միջազգային առաքելության աշխատակիցները քաշվել են դեպի բարիկադներ։