NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Մայքլ Սեսայրի հոդվածը` հրապարակված World Politics Review-ում:
Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Մեն կղզում գրանցված «International Minerals & Mines Ltd.» ընկերության կնքած փոխըմբռնման հուշագիրը Հայաստանում թերթաքարի պաշարների հետախուզման ճանապարհ է հարթում: Եթե սկսվի դրանց խոշոր առեւտրային արդյունահանումը, ապա թերթաքարային գազը կարող է Հայաստանին տալ որոշակի էներգետիկ անկախություն եւ նոր աշխարհաքաղաքական ազատություն:
Նախորդ գնահատականների համաձայն, Հայաստանում ածխաջրածինների պաշարները քիչ են: Համատեղ ծրագրում տեխնիկական գործընկեր հանդիսացած ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը 1994 թվականի հետազոտությունների արդյունքի հիման վրա Արամուսի տարածքի պաշարները գնահատել է 44 միլիոն տոննա թերթաքարային ձյութ: Սակայն Հայաստանի կառավարությունը 2005 թվականի հաշվետվությունում նշել է նաեւ Իջեւանում, Շամուտում եւ Ջերմանիսում դյուրավառ թերթաքարերի 17-18 միլիոն տոննա պաշարների եւ Դիլիջանում 128 միլիոն տոննայի մասին:
Հայաստանը կախված է Ռուսաստանից ներկրվող էներգառեսուրսներից: Բնական գազի մեծ մասը Հայաստան է մտնում Վրաստանի տարածքով անցնող գազատարով: Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի էներգետիկ համակարգի գրեթե 80 տոկոսը:
Թեեւ Հայաստանը ձգտում է կրկնել Մոսկվայի հետ դաշինքի ղազախական մոդելը` շարունակելով համագործակցել Արեւմուտքի հետ, սակայն Երեւանի կախվածությունը տնտեսական եւ ռազմական օգնություն տրամադրող Ռուսաստանից հսկայական է: Նույնիսկ, երբ Երեւան - Մոսկվա դաշինքը փորձության է ենթարկվում Ադրբեջանին ռուսական սպառազինություն վաճառելու պատճառով, Հայաստանն այլընտրանքի քիչ հնարավորություն ունի:
Հայաստանի մեկուսացումն ու գրեթե լիակատար կախվածությունը Ռուսաստանից, էներգետիկ անկախության մեծացումը դարձնում է արժանի նպատակ Երեւանի քաղաքական գործիչների համար: Դիվերսիֆիկացման քաղաքականությունը որոշակի հաջողություն տվեց: 2008 թվականին ավարտվեց Իրան – Հայաստան գազատարի շինարարությունը, սակայն հնչում են մեղադրանքներ, որ Ռուսաստանն օգտագործում է իր քաղաքական ազդեցությունն ու գերիշխող դիրքը հայկական էներգետիկ հատվածում եւ նվազագույնի է հասցնում Հայաստանի միակ լոկալ այլընտրանք Իրանի դերը: Սակայն, եթե նույնիսկ Իրանն ավելի ակտիվ դեր վերցներ Հայաստանի էներգետիկ շուկայում` դիվանագիտական հարթությունում մեկուսացված եւ անկայուն Թեհրանը ամենեւին իդեալական դաշնակից չէ:
Թերթաքարերի հետախուզումը Երեւանին ընձեռում է անկախ էներգետիկ ներուժի հետագա զարգացման հնարավորություն: Այն նաեւ կնվազեցնի Հայաստանի կախվածությունը ներկրվող էներգակիրներից եւ կսահմանափակի կապերը ռեւանշիստական տարածաշրջանային տերությունից: Զգալի հայ համայնքի եւ Հարավային Կովկասում ունեցած շահերի շնորհիվ ԱՄՆ-ն վաղուց կողմ է Հայաստանի տնտեսական զարգացման ու եվրաատլանտյան համակարգին աստիճանաբար միանալու գաղափարին: Օժանդակելով թերթաքարերի արդյունահանմանը` Վաշինգտոնն առաջ է տանում այդ երկու նպատակները:
Բարեկեցության աճի եւ արտաքին կախվածության նվազման հետ Երեւանը պետք է ի վիճակի լինի մշակել ավելի անկախ արտաքին քաղաքականություն: Իրադարձությունների այդպիսի շրջադարձը կարող էր զգալիորեն փոխել տարածաշրջանային դինամիկան, աշխուժացնել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման բանակցությունները, թուլացնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջը եւ խրախուսել ներհայաստանյան բարեփոխումներին: Թեեւ էներգետիկ հարստությունները պատմականորեն քիչ երաշխիքներ են տալիս, սակայն էներգետիկ անկախության բաձրացումը կարող է Հայաստանին թույլ տալ գործընկերներ ընտրելիս ավելի շահեկան դիրքերում լինել եւ ընտրություն կատարել ավելի լայն արժանիքների համար, ոչ թե երկրի տնտեսական գոյատեւման երաշխիքների դիմաց:




























