Արցախյան «Արցախ բրենդի քոմփանի» ընկերության թողարկած թունդ ալկոհոլային խմիչքները` «օ դե վի»-ները, հնարավոր է, Մոսկվայի միջոցով հասնում են Բաքու: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության կոմերցիոն տնօրեն Տիգրան Հարությունյանը: «Մենք, բնականաբար, Ադրբեջան օղի չենք արտահանում, սակայն չի բացառվում, որ այլ ճանապարհներով, մեր օղիները հայտնվեն Բաքվում, որի մասին տեղեկություններ լսել ենք»,- ասել է նա: «Օ դե վի»-ն ֆրանսիական անվանում է, թարգմանվում է «կյանքի ջուր»: Ֆրանսիայում դա բրենդիների ընդհանուր անվանումն է:
Հատկանշական է, որ արցախյան ընկերության արտադրանքի պիտակի վրա պարտադիր հայերեն ու անգլերեն նշված է «Արցախ»: Ընկերության արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Եվրոպա եւ Ռուսաստան, պահանջարկը նրա նկատմամբ անընդհատ աճում է: Ընկերության գործարանը գտնվում է Ասկերանում:
«Արցախ բրենդի քոմփանին» իր տաղավարն ունի այս օրերին Երեւանի մարզահամերգային համալիրում բացված «Armenia EXPO» ցուցահանդեսում:



























