Ադրբեջանցի մի խումբ բնապահպան ակտիվիստներ փակել են Լեռնային Ղարաբաղը աշխարհին կապող միակ ճանապարհը։ Հումանիտար իրավիճակը օրեցօր վատանում է ավելի քան 120 000 մարդու համար, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից, գրում է Greek City Times-ը։
«Բանջարեղեն եւ մրգեր, կաթնամթերք, շաքար, աղ... Գրեթե ամեն ինչ չի բավարարում»: Ստեփանակերտից լաբորանտ Նարինե Գրիգորյանի համար շաբաթների շրջափակման ազդեցությունն ակնհայտ է սուպերմարկետների դատարկ դարակներում: «Գրեթե անհնար է որեւէ բան գտնել, իսկ տեղական արտադրությունը չի կարող բավարարել բնակչության կարիքները»,- ասել է նա։
Դեկտեմբերի 12-ից սկսած իրավիճակը գնալով վատթարանում է։ Հենց այդ ժամանակ էր, որ մի խումբ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներ փակել էին Լաչինի միջանցքը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միակ ճանապարհը։ Լաչինի միջանցքն իսկական «պորտալար» է հայաբնակ անկլավի համար, որն ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանով, որն իր բացահայտ համաձայնությունն է տվել, որ միջանցքը գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ՝ 2022 թվականի հրադադարի մասին համաձայնագրով։
Նորմալ պայմաններում Լեռնային Ղարաբաղը օրական ստանում է 400 տոննա պարենամթերք եւ այլ հիմնական ապրանքներ։ Դժվար բանակցություններից հետո Միջազգային Կարմիր Խաչը դեկտեմբերի 25-ին կարողացավ Հայաստանից ուղարկել տասը տոննա մարդասիրական բեռ՝ դեղորայք, մանկական սնունդ։ Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության՝ սա ծածկել է տասն օրվա պահանջարկը։
Թեեւ Բաքուն պնդում է, որ շրջափակումը պատասխան է իր քաղաքացիական հասարակության նախաձեռնությանը, հետաքննությունները, ինչպիսիք են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը, բացահայտում են կապը, այսպես կոչված, ադրբեջանցի «էկոակտիվիստների» եւ Ադրբեջանի կառավարության միջեւ:
Բայց կա էլի մի բան: Միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է Human Rights Watch-ն է, դատապարտել են, որ տարածաշրջանը հերթական անգամ մի քանի օրով անջատվել է գազից: Մատակարարումը կախված է բացառապես Ադրբեջանի կամքից, քանի որ ենթակառուցվածքների մի մասն անցնում է 2020 թվականի պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։
«Ներկայիս իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության եւ մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ եւ անարգել մուտքի կարեւորությունը դեպի բոլոր տարածքներ եւ մարդիկ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում բնակվողներին»,- դեկտեմբերի 20-ի իր հայտարարության մեջ ընդգծել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը: Սակայն տարածաշրջանում դեռեւս բացակայում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայությունը:
Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը եւ ազատ տեղաշարժի վերականգնումը նույնպես ընդգրկված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի էին դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստի օրակարգում, որը բացահայտորեն կոչ էր անում անհապաղ եւ անվերապահ բացել միջանցքը։
«Քանի դեռ շրջափակումը շարունակվում է, իրավապաշտպան կազմակերպությունների եւ երկրների այս բոլոր կոչերին ու հայտարարություններին պետք է հետեւեն իրական գործողությունները տեղում»,- ասեկլ է Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա մեկն է այն 1100 մարդկանցից, որոնք դեռ չեն կարողանում տուն վերադառնալ ճանապարհների փակ լինելու պատճառով:
Ստեփանյանը խոսում է «բեմականացված բնապահպանական գործողությունների մասին, որոնք Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն են եւ ուղղված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը»։ Այն հիշեցնում է 2020 թվականին հրադադարից հետո խաղաղ բնակիչների սպանությունների, ենթակառուցվածքների խախտումների, գազի անջատումների, գյուղատնտեսական գործունեության ոտնձգությունների եւ Ադրբեջանի հոգեբանական ճնշումների դեպքերի մասին։
«Մենք դեռ չենք տեսել կառուցողական երկխոսություն։ Ընդհակառակը, մենք պետական մակարդակով տառապում ենք հայերի նկատմամբ ատելությունից»,- նշել է Ստեփանյանը՝ բացառելով ցանկացած հավանականություն, որ Ղարաբաղը երբեւէ կհայտնվի Ադրբեջանի իրավասության տակ։
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես զգուշավորությամբ է վերաբերվում Ադրբեջանի բնապահպանական պնդումներին։ «Դեկտեմբերի 3-ին, առաջին անգամ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին է փոխանցել գրավոր առաջարկներ, որոնք քիչ առնչություն ունեն բնապահպանական խնդիրների հետ եւ միանգամայն անընդունելի են»,- նշել է նա։
Ռուբեն Վարդանյանի ապագան։ Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցին Վարդանյանին խնդրել է «որքան հնարավոր է շուտ» հեռանալ տարածաշրջանից։
Ռուսահայ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի սկզբին հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Մեկ ամիս անց Վարդանյանը նշանակվել է հանրապետության պետնախարար։
«Ես ոչ մի տեղ չեմ գնա, չեմ տրվի Ադրբեջանի պահանջներին»,- դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասել է Վարդանյանը։
Լինի դա բնապահպանական, թե քաղաքական պահանջ, տեղում հումանիտար իրավիճակը օրեցօր վատանում է:
Դեկտեմբերի 24-ին մի խումբ հայ քաղաքացիական ակտիվիստներ գնացել են ճանապարհի փակ հատված, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահների անցակետը։ Համացանցում ուղիղ եթերի ժամանակ ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ռուսական կողմին կոչ է արել կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր պարտավորությունները եւ ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը։
Ռուսներն այնժամանակ պատասխանել էին, որ ճանապարհը կբացվի դեկտեմբերի 26-ին: Դա տեղի չունեցավ, եւ 27-ին բողոքի ակցիան վերսկսվեց։ «Տեղում իրավիճակը լուրջ է։ Պետք է դիմադրել եւ զիջումների չգնալ, քանի որ Բաքուն շարունակելու է նոր պահանջներով»,- ասել է Պետրոսյանը»։





























