«Գերմանիայի պատասխանը մեզ զարմացնում է։ Գերմանիայի կառավարությունը չի կարող պատասխանել այն հարցին, որը երբեք չի տրվել։ Ո՛չ բանակցություններ, ո՛չ հաշտարար քննարկումներ չեն եղել»։ Ահա թե ինչ է ասել Լեհաստանի փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլարչիկը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար Լեհաստանին փոխհատուցում վճարելու Գերմանիայի հերթական մերժման մասին, գրում է DW-ն։
«Մենք չենք ընդունում Գերմանիայի դիրքորոշումը։ Մենք մերժում ենք այն որպես լիովին անհիմն եւ սխալ։ Մենք կշարունակենք գործել միջազգային ասպարեզում՝ կոչ անելով Գերմանիայի ժողովրդին եւ միջազգային հանրությանը փոխել իրենց դիրքորոշումը»,- ասել է Մուլարչիկը:
Նման համատարած վրդովմունք առաջացրած Բեռլինի հայտարարությունը կարճ է ու հստակ. «ԳԴՀ-ի տեղեկությունների համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փոխհատուցումների եւ վնասների հարցը փակված է, եւ Գերմանիան մտադիր չէ բանակցել այդ հարցի շուրջ»։
Լեհաստանի արտգործնախարարության պատասխանում ասվում է. «Լեհաստանի կառավարությունը կշարունակի 1939-1945 թվականներին գերմանական ագրեսիայի եւ Լեհաստանի օկուպացիայի հետեւանքով առաջացած պարտքի խնդիրը կարգավորելու ջանքերը»։
Քիչ հավանական է, որ 2015 թվականից Լեհաստանում իշխող «Միավորված աջեր» դաշինքի հետ կապված որեւէ մեկը մտածեր, թե Գերմանիայի որոշումն այլ կլինի: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հոկտեմբերի 4-ին արդեն հստակ հայտարարել էր այդ մասին այն բանից հետո, երբ Լեհաստանի կառավարությունը նախորդ օրը պահանջներով դիվանագիտական նոտա էր հղել Բեռլին։
«Գերմանիան անվերապահորեն ընդունում է իր պատմական պատասխանատվությունը։ Մեր հավերժական պարտքն է հիշել Գերմանիայի կողմից միլիոնավոր լեհերին պատճառած տառապանքը,- հոկտեմբերին ասել էր Բերբոքը,- Այնուամենայնիվ, Գերմանիայի կառավարության տեսանկյունից փոխհատուցումների հարցը, ինչպես գիտեք, փակված է»։ Նրա խոսքերն ուղղված էին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուին։
Լեհաստանը 1,3 միլիարդ եվրո է պահանջում
Փոխարտգործնախարար Արկադիուշ Մուլարչիկը Լեհաստանի «Օրենք եւ արդարություն» կուսակցության (PiS) անդամ է, որը շարունակում է մնալ երկրի ամենամեծ կուսակցությունը։ Շատ տարիներ առաջ Մուլարչիկը վնասների փոխհատուցման պահանջները առաջնահերթություն էր դարձրել: 2017 թվականից նա ղեկավարում է Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի կորուստների գնահատման խորհրդարանական հանձնաժողովը։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Լեհաստան գերմանական ներխուժման 73-րդ տարելիցին Մուլարչիկը հրապարակել էր հանձնաժողովի վերջնական զեկույցը, որում հաստատվում էր, որ երկիրը 6,2 միլիարդ զլոտի (մոտ 1,32 միլիարդ եվրո) ստանալու իրավունք ունի:
Մուլարչիկը արտաքին գործերի նախարարության պետքարտուղար է նշանակվել անցյալ տարի: Այս երեքշաբթի (2023 թվականի հունվարի 2-ին) նա Գերմանիայի արձագանքն անվանել է «անհարգալից վերաբերմունք լեհական պետության եւ լեհերի նկատմամբ»։ «Գերմանիան Լեհաստանի նկատմամբ բարեկամական քաղաքականություն չի վարում»,- ասել է նա Մամուլի լեհական գործակալությանը (PAP): «Նրանք ցանկանում են այստեղ ազդեցության գոտի ստեղծել եւ Լեհաստանին վերաբերվել որպես վասալ պետության»։
1970 թվականին Արեւմտյան Գերմանիայի նախկին կանցլեր Վիլի Բրանդտը հուզիչ ներողություն էր խնդրել Վարշավայում հրեա հերոսների հուշարձանի առջեւ։ Հայտնի Warshauer Kniefall-ը մեկնաբանվել է որպես Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժելու մեղքի ընդունում։ Բրանդտը հետագայում Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ՝ սառը պատերազմի տարիներին Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ավանդի համար։
Լեհաստանն աջակցություն է ուզում ԱՄՆ-ից եւ ՄԱԿ-ից
Բեռլինի վրա ճնշումը մեծացնելու համար Վարշավան դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլային հրավիրել է Վարշավա։ Մուլարչիկը վերջերս հայտարարել է ԱՄՆ մեկնելու մասին, որտեղ նա հույս ունի դաշնակիցներ գտնել Կոնգրեսում:
2023 թվականի հունվարի սկզբին Ipsos ինստիտուտի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Գերմանիայի բնակչության 75%-ը դեմ է եղել Լեհաստանի պահանջներին։ Այս արդյունքները չեն խանգարել Մուլարչիկին տեղեկատվական արշավ հայտարարել Գերմանիայում։ «Մենք հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կկարողանանք համոզել գերմանացիներին այս խնդրի լուծման անհրաժեշտության հարցում»,- ասել է Մուլարչիկը: Նա հատկապես հույսը դնում է Գերմանիայի երիտասարդ սերնդի վրա։
Այս վերջին մերժումը հարեւանի հետ իր տարաձայնությունները խորացնելու հնարավորություն տվեց Լեհաստանին: Աշնանային խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Գերմանիային քննադատելը, կարծես թե, լեհական աջերի հիմնական նպատակներից է։ Լեհաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Քաղաքացիական պլատֆորմը (PC)», որը գլխավորում է Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը, ով զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը մինչեւ 2019 թվականը, լայնորեն դատապարտվում է որպես Բեռլինի խամաճիկ:
Որ կուսակցությունն էլ հաղթի 2023 թվականի աշնանը Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում, նա պետք է լուծի փոխհատուցումների հարցը: Ipsos-ի հիշատակված հարցման ժամանակ Լեհաստանի բնակչության 66%-ը կողմ է եղել Գերմանիայից փոխհատուցումներին: Իսկ ընդդիմության կողմից սատարվող խորհրդարանական որոշման մեջ Սեյմը՝ Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը, որոշել է, որ Լեհաստանը երբեք փոխհատուցում չի ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած կորուստների համար եւ երբեք չի հրաժարվել իր պահանջներից:



























