ՀՀ իշխանությունը մտադիր է ԱԱՀ-ից ազատել տոհմային եւ արդյունաբերական անասնապահության համար նյութերի ներմուծումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։

Նշված ապրանքների շարքում, մասնավորապես, ներառվել են տոհմային հավերի եւ բրոյլերների համար նախատեսված ինկուբացիոն ձվերը, տոհմային անասունների սերմանյութը, ինչպես նաեւ տարեկանի, վարսակի եւ ցորենի սնձան սերմերը։ «Բացի այդ, ցուցակում ներառվել են ստվարաթղթե եւ թիթեղյա խցաններ եւ փաթեթավորման նյութեր, ինչպես նաեւ բամբակյա մանվածք եւ սինթետիկ մանրաթելեր»,-նկատեց Արզումանյանը։

Նրա խոսքով՝ մաքսատանը նշված ապրանքներից ավելացված արժեքի հարկի վերացումը բիզնեսին կօգնի պահպանել շրջանառու միջոցները եւ ԱԱՀ վճարել միայն պատրաստի ապրանքի վաճառքից։ «Հարկից, ըստ էության, ազատվում է արդյունաբերական հումքը։ Դա թույլ կտա խթանել դրա օգտագործումը տեղական արտադրության մեջ»,-եզրափակեց նա։