LKAB լեռնահանքային ընկերությունը տեղեկացրել է Շվեդիայի արկտիկական հատվածում հազվագյուտ հողերի մետաղների խոշոր հանքաշերտերի հայտնաբերման մասին։ Դրանք անհրաժեշտ են նորագույն տեխնոլոգիաների արտադրության համար, տեղեկացրել է Associated Press-ը։

Հրապարակման մեջ նշվել է, որ հայտնաբերված հանքաշերտերն ամենամեծն են աշխարհի այդ հատվածում հայտնի բոլոր հանքաշերտերի մեջ։

«Դրանք կարող են այն հումքի արտադրության կարեւոր տարր դառնալ, որն անհրաժեշտ է «կանաչ անցման» համար։ Էլեկտրամեքենաներ չեն լինի առանց հանքերի»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Յան Մոսթրեմը։

Այս հանքաշերտերի հայտնաբերման ֆոնին Շվեդիայի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Էբա Բուշը հայտարարել է, որ «հանքերից են սկսվելու ԵՄ էլեկտրիֆիկացումը, նրա ինքնապահովումը ռեսուրսներով, անկախացումը Ռուսաստանից եւ Չինաստանից»։

Պարբերականը նշել է, որ անգամ հանքավայրերի շահագործման համար իշխանությունների կողմից արտոնագրերի արագ տրամադրման դեպքում այդ հանքերի արդյունահանումը կարող է սկսվել մի քանի տարի հետո։

Հազվագյուտ հողերի մետաղներն օգտագործում են նոր տեխնոլոգիաների ստեղծման համար, ներառյալ համակարգչային դիսփլեյները, բարձրտեխնոլոգիական զենքը, էլեկտրամեքենաները եւ հողմատուրբինները։