Հունաստանում խորհրդարանական ընտրություններ գարնանը կանցկացվեն, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ հաստատելով տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ կառավարությունը դիտարկում է մոտավորապես ապրիլին քվեարկություն անցկացնելու հնարավորութունը, հաղորդում է Reuters-ը։
Միցոտակիսի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսին, եւ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը դժվարացնում է ցանկացած թեկնածուի հաղթանակը՝ մեծացնելով կրկնակի քվեարկության հավանականությունը եւ քաղաքական անորոշության ժամանակաշրջանը:
«Ընտրությունները տեղի կունենան գարնանը, ըստ էության, այն պահին, երբ մենք գործնականում կսպառենք մեր քառամյա ժամկետը»,- ասել է նա լրագրողներին Էվրոսի հյուսիսային շրջան կատարած այցի ժամանակ։
Միցոտակիսը, որը սոցիոլոգիական վերջին հարցումների տվյալներով առաջնորդող «Նոր դեմոկրատիա» կուսակցության ղեկավարն է, հավելել է, որ կառաջադրվի Էվրոսում «սիմվոլիկ պատճառներով»:
2020 թվականին տասնյակ հազարավոր ապաստան հայցողներ փորձել են հատել Եվրամիության սահմանը Էվրոսում Հունաստանի հետ Թուրքիայի ցամաքային սահմանով այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ այլեւս չի խոչընդոտի սահմանը հատելու միգրանտների փորձերին:
Պատմական մրցակիցներ, բայց նաեւ ՆԱՏՕ-ում դաշնակիցներ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը վերջին ամիսներին կրկին սրվել է:
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին, սակայն կարող են հետաձգվել։



























