Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն հրաժարվել է հեռանալ պաշտոնից՝ չնայած մի քանի շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերին, որոնք ցնցում են խորապես պառակտված երկիրը, հայտնում է ВВС-ն:
«Ես հրաժարական չեմ տա։ Ես ինձ նվիրում եմ Պերուին»,- ասել է նա ուրբաթ երեկոյան ուղիղ եթերով հեռուստաուղերձում:
Վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած դաժան բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել, տասնյակներն էլ վիրավորվել են։
Բոլուարտեն նաեւ ասել է, որ ցավում է անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ զոհվածների համար, սակայն նա պնդել է, որ կշարունակի կատարել առաջնորդի պարտականությունները:
Բռնությունը սկսվել է դեկտեմբերին նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի ձերբակալությունից հետո, երբ նա իմպիչմենտի քվեարկությանը պարտվելուց հետո փորձել էր դադարեցնել Կոնգրեսի աշխատանքը:
Կաստիլյոյի կողմնակիցները պահանջում էին նոր ընտրություններ անցկացնել եւ կոչ էին անում հեռացնել Բոլուարտեին։
Սակայն նախագահը մերժել է սահմանադրական ժողով հրավիրելու հնարավորությունը, ինչպես պահանջում էին ցուցարարները՝ ասելով, որ դա չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում:
Նա մեղադրել է արմատական խմբակցություններին քաոս, իրարանցում եւ ավերածություններ ստեղծելու եւ երկիրը փակուղի տանելու համար:
Ուրբաթ օրը կառավարության մի քանի անդամներ հրաժարական են տվել, այդ թվում՝ ՆԳ նախարարը։ Երկրում ամանորյա հանգստությունից հետո տասներորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունենում։
Այս շաբաթվա սկզբին Պերուի դատախազը ցեղասպանության մեղադրանքով նախնական հետաքննություն է սկսել Բոլուարտեի դեմ` կապված անկարգությունների ժամանակ ցուցարարների մահվան հետ:
Լատինական Ամերիկայում ամերիկյան դիվանագիտության ղեկավար Բրայան Նիկոլսը Twitter-ում գրել է, որ Վաշինգտոնը «խորապես մտահոգված է Պերուում շարունակվող բռնությամբ եւ անհանգստացած է վիրավորումներից ու մահերից»։



























