Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ի նշան Իրանի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում բրիտանացի պաշտոնյաների անհիմն միջամտության դեմ բողոքի, հայտնում է Tasnim-ը։
Հանդիպմանն Իրանը բողոք է արտահայտել բրիտանական կառավարության կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանն ուղղված սաբոտաժի դեմ, հայտնում է ԱԳՆ կայքը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները արձագանքել են իրանցի նախկին պաշտոնյա Ալիռեզա Աքբարիին մահապատժի ենթարկելուն, որին կախաղան են բարձրացրել բրիտանական հետախուզության օգտին լրտեսելու մեղադրանքով:
Իրանի ԱԳՆ Արեւմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենը մատնանշել է Աքբարիի համար բրիտանական կողմի ստեղծած ծուղակի մասին շոշափելի տեղեկատվությունը, ասելով, որ բրիտանական կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ոչ ավանդական կապերի համար, որոնք հանգեցրել են Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության խախտման։ Գլխավոր տնօրենը նաեւ նշել է, որ լրտեսին անհիմն եւ չարաճճի աջակցությունը հակասում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ցանկության մասին պնդումներին:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ իր ազգային անվտանգությունն ապահովելու Իրանի վճռական գործողությունները կախված չեն լինի այլ կառավարությունների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի համաձայնությունից, եւ ասել է, որ նման անօրինական եւ հանցավոր գործողությունների շարունակությունը չի հանդուրժվի։
Գլխավոր տնօրենը հավելել է, որ բրիտանական կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի իր ոչ ավանդական եւ միջամտող մոտեցման շարունակման հետեւանքների համար։
Այնուհետեւ ընդգծվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության օրենքներով երկքաղաքացիությունը չի ընդունվում, եւ այդ պատրվակով Մեծ Բրիտանիայի միջամտությունն ու ապակառուցողական հայտարարություններն անհիմն են։
Իրանցի դիվանագետը եւս մեկ անգամ դատապարտել է Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալից եւ չարդարացված գործողություն եւ պահանջել է, որ բրիտանացի դեսպանը անդրադառնա այդ խնդրին Լոնդոնում։
Սայմոն Շերկլիֆն ասել է, որ Իրանի տեսակետները կհասցնի բրիտանական կառավարությանը:



























