Սիրիայում ամիսներ շարունակ ընթացող զանգվածային խռովությունների ֆոնին հայ համանքը պետք է շարունակի չեզոքություն պահպանել, եւ դա լավագույն տարբերակն է:
Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է փորձի չմիջատել այլ պետությունների ներքին գործերին: «Սակայն մենք այնտեղ համայնք ունենք եւ բնականաբար անհանգստացած ենք իրավիճակով, եւ մեր համայնքի խնդիրը պետք է լինի օր առաջ ներքաղաքական կայունության հաստատումը: Մեր համայնքն էլ այդ ուղղությամբ պետք է գործի, որեւէ կողմի հետ չնույնականանալով, որովհետեւ դա պետք է բխի ընդհանուր սիրիական ժողովրդի շահերից»,- նշեց Ռուստամյանը:
Ըստ Ռուստամյանի, չեզոքություն պահպանելը լավագույն դիրքորոշումն է: «Հայ համայնքը պետք է առաջնորդվի սիրացի ժողովրդի գերակա շահերով: Դա պետք է արձանագրվի եւ այդ գերակա շահերի համար համայնքը պետք է իր նպաստը բերի, նպաստի, որ հակամարտությունները կարգավորվեն, դրական դեր ունենա ներքին կյանքը նորմալ հունի բերելու հարցում»,- նշեց նա:
Նշենք, որ Սիրիայում արդեն մոտ 7 ամիս ընթացող բողոքի զանգվածային գործողությունների ըթնացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է մոտ 2800 մարդ, անհետ կորել են մի քանի հազարը: Ցուցարարները պահանջում են նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը եւ քաղաքական բարեփոխումների իրականացում:




























