Լեհաստանը պատրաստ է տանկեր ուղարկել Ուկրաինա՝ առանց Գերմանիայի թույլտվության, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է Politico-ն։

Լեհաստանը պարտավորվել է 14 Leopard-2 տանկ ուղարկել Ուկրաինա, սակայն քանի որ տանկերը արտադրվում են Գերմանիայում, դրա համար անհրաժեշտ է Բեռլինի թույլտվությունը, որը դեռ չկա։

«Այստեղ համաձայնությունը երկրորդական նշանակություն ունի»,- ասել է Մորավեցկին Լեհաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում, վերադառնալով Դավոսից, որտեղ նա մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումին։ «Կամ մենք արագ ստանում ենք այս համաձայնությունը, կամ մենք ինքներս ճիշտ ենք վարվում»,- հավելել է նա:

Գերմանիայի մի քանի եվրոպացի դաշնակիցներ Բեռլինին խնդրել են հավանություն տալ իր Leopard-2 տանկերի վերաարտահանմանը Ուկրաինա, սակայն Գերմանիայի կառավարությունն ինքը սպասում է, որ ԱՄՆ-ը կանի առաջին քայլը:

«Այստեղ ամենակարեւորն այն է, որ գերմանացիները հնարավորինս շուտ առաջարկեն իրենց ժամանակակից տանկերը, իրենց ժամանակակից տեխնիկան, քանի որ դրանից կարող է կախված լինել Ուկրաինայում ազատությունը պաշտպանելու կարողությունը, ինչը նշանակում է, որ կախված կլինի ամբողջ Եվրոպայի անվտանգությունը»,- ասել է Մորավեցկին:

Անցյալ շաբաթ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ իր երկիրը «Leopard տանկերի վաշտ» կփոխանցի Ուկրաինա՝ «միջազգային կոալիցիայի կառուցման շրջանակներում»: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այնուհետեւ հայտարարել է, որ իր երկիրը տրամադրում է նաեւ սահմանափակ քանակությամբ տանկեր, «քանի որ Ֆինլանդիան սահմանակից է Ռուսաստանին եւ ՆԱՏՕ-ի անդամ չէ»։

Չորեքշաբթի օրը Դավոսում տեղի ունեցած միջոցառմանը ելույթի ժամանակ, պատասխանելով այս թեմայով հարցին, կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է իր կառավարության դիրքորոշումը Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելու վերաբերյալ։

«Մենք երբեք ոչինչ չենք անում ինքնուրույն, այլ ուրիշների հետ միասին, հատկապես ԱՄՆ-ի հետ»,- հավելել է նա։