Վրաստանի ԱԳՆ-ն սկանդալային հայտարարությունից կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովին։
«Նրան կանչել են նախարարություն՝ իր հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ անելու համար։ Երկկողմ հարաբերությունների այլ հարցեր նրա հետ այս հանդիպմանը չեն քննարկվի»,-«ИнтерпрессНьюс»-ը մեջբերում է նախարարության հաղորդագրությունը։
Կասյանովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանի ԱԳՆ է մեկնում հրավերով, եւ հանդիպմանը քննարկվելու է Վրաստանի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նշենք, որ նախօրեին «Եվրոպեյսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում ուկրաինացի դիվանագետը մի շարք սկանդալային հայտարարություններ է արել Թբիլիսիի վերաբերյալ։ Մասնավորապես, նա չի բացառել Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման դեպքում։





























