Բաղդադը կփորձի բարելավել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մոհամմադ Շիա Աս Սուդանը, հաղորդում է Mehr-ը։

Ընդգծելով, որ Իրաքը կարծում է, որ տարածաշրջանում կայունությունը ձեռք կբերվի լարվածության թուլացման հաշվին՝ Աս Սուդանը հավելել է, որ Բաղդադը կփորձի մերձեցնել Թեհրանի եւ Էր Ռիադի հայացքները: «Մենք կարծում ենք, որ երկխոսությունը երկու երկրների միջեւ պայմանավորվածությունների հասնելու միակ միջոցն է»,-նշել է նա։

Մինչ այժմ Բաղդադում կայացել է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ երկխոսության հինգ փուլ, իսկ մի քանի ամիս առաջ Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա ալ Քադիմին այդ կապակցությամբ այցելել է Սաուդյան Արաբիա եւ Իրան:

Վերջերս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ եւ վերաբացել դեսպանատները, երբ Էր Ռիադը պատրաստ լինի դրան: