Սլովակիան պատրաստ է «անհապաղ» 30 T-72 տանկ ուղարկել Ուկրաինա՝ պայմանով, որ դրա դիմաց կարող է արեւմտյան տանկեր ստանալ, չորեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը, հայտնում է Reuters-ը։
Նա նշել է, որ Սլովակիան անցյալ տարի խորհրդային ժամանակաշրջանի BVP-1 հետեւակի մարտական 30 մեքենա է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ Գերմանիան համաձայնել է Սլովակիային 15 Leopard 2 տանկ մատակարարել՝ դրանց փոխարինելու համար։
«Մենք դեռ ունենք 30 T-72 տանկ, եւ մենք պատրաստ ենք դրանք անհապաղ Ուկրաինա ուղարկել, նույնիսկ վաղը, եթե հնարավոր լինի դրա դիմաց արեւմտյան՝ Leopard կամ ցանկացած այլ տանկ ստանալ»,- ասել է Նադը։
Նադիի խոսքով՝ Սլովակիային ՆԱՏՕ-ի չափանիշներով մոտ 43 տանկ անհրաժեշտ կլինի, իսկ Գերմանիայից 15 տանկ ստանալուց հետո ընդհանուր առմամբ կունենա 45 տանկ։ Նրա խոսքով, Բրատիսլավան արդեն ստացել է մեկ Leopard տանկ եւ ակնկալում է ամսական երկու տանկ ստանալ մարտ ամսից։
Անցյալ տարի Սլովակիան նաեւ ութ հրետանային Zuzana հաուբից է մատակարարել Ուկրաինային եւ աշխատում է եւս 16 զենքի արտադրության վրա, որոնց համար վճարելու են Դանիան, Գերմանիան եւ Նորվեգիան։ Նադն ասել է, որ Ուկրաինայի կառավարությունը եւս 11 հաուբից գնելու հայտ է ներկայացրել, եւ պայմանագրեր են կնքվել:
Սլովակիան նաեւ օգնում է Ուկրաինային զինվորների պատրաստման հարցում։ Նախարարի խոսքով՝ անցյալ տարվա հոկտեմբերից երկրում մոտ 200 ուկրաինացի զինվոր է պատրաստվել մեխանիկացված հետեւակի համար։



























