Հարավային Կովկասում կայունության ամրապնդումը պատասխանում է «ԱՄՆ ազգային շահերին»: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի` Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով բաժնի ղեկավար Ջենիֆեր Ուոլշը` ելույթ ունենալով «Հարավային Կովկասի անկախության 20 տարին. Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» սեմինարին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ «Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ պաշտպանության հարցերով համագործակցությունը իրականացվում է երկկողմ համաձայնագրերի հիման վրա եւ արտացոլում է այն գերակայություններն ու նպատակները, որոնք մենք միշտ նախանշում ենք»: Ուոլշի խոսքով, «Հարավային Կովկասը կարեւոր է ԱՄՆ անվտանգության ապահովման համար 5 հիմնական պատճառներով»:

«Առաջին հերթին, իր աշխարհագրական դիրքի եւ Իրանի հետ հարեւանության պատճառով: Երկրորդ, դա Աֆղանստանում զորքերի մատակարարման մեր Հյուսիսային բաշխիչ ցանցի հարավային մասն է: Տվյալ տարածաշրջանը կարեւոր դեր է խաղում մեր զորքերին բեռների առաքման ուղիների դիվերսիֆիկացման գործում: Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ավանդ են ներդնում Աֆղանստանում Միջազգային ուժերի մեջ: Երրորդ, տվյալ տարածաշրջանը էներգակիրների կարեւոր առաքիչ է եւ էներգակիրների տարանցման արժեքավոր միջանցք է:

Չորրորդ, մեր շահերից է բխում ապահովել կայունությունը եւ հակամարտությունների կարգավորումը: Քանի դեռ հակամարտությունները չեն կարգավորվել, տարածաշրջանը անկայուն է մնալու: Հինգերորդ, Հարավային Կովկասը, եվրոատլանտյան երկրների մեծ խմբի մաս է, եւ ԱՄՆ-ը շահագրգռված է եվրաատլանտյան երկրներին նրանց ինտեգրմամբ»:

Ուոլշը նաեւ նկատել է, որ Ռուսաստանը որպես հարեւան երկիր, կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում:

«Սակայն ոչ Ռուսաստանը, ոչ այլ պետություն չպետք է իրավունք ունեն վետո դնելու ինքնիշխան որոշումների վրա, որ կայացվում են տարածաշրջանի երկրների կողմից: ԱՄՆ-ը մտադրություն չունի պայքարել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ազդեցության համար, եւ չի ուզում դուրս մղել նրան»,- ասել է նա: