Բացարձակապես կարեւոր չէ՝ կարձագանքե՞ն միջազգային կառույցները Ղարաբաղ անօդաչու սարք ուղարկելու Ադրբեջանի քայլին, թե` ոչ, կլինի՞ նրանց կողմից հայտարարություն, թե` չի լինի. դա քսաներորդական նշանակություն ունեցող հարց է, ամեն ինչ արդեն ասել է այն մարդն, ով պետք եղած պահին սեղմել է հետախույզ սարքը ոչնչացնող կոճակը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Նմանօրինակ սարք ոչնչացնելը բարդագույն խնդիր է։ Դրանք շատ փոքր են, եւ դրանց հետեւելը շատ դժվար է։ Անօդաչու սարքը գտնելը եւ ոչնչացնելն ինքնին ազդանշան է բոլոր հասկացող մարդկանց, թե ինչ վիճակում է գտնվում ԼՂՀ հակաօդային պաշտպանությունը։ Սա իր հերթին ցույց է տալիս Զինված ուժերի համապատասխան վիճակը։ Դա ամենակարեւորն է, եւ դա բոլորն արդեն հասկացել են։ Ինձ թվում է, որ հաջորդ քայլը անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված սեպտեմբերի 21-ի զորահանդեսը կլինի։ Այն եւս որոշակի ցուցադրություն կլինի ոչ թե միջազգային կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին, այլ ռազմական այն մասնագետներին, ովքեր հասկանում են ազդանշանները։ Ահա, թե ինչն է կարեւոր։ Իսկ թե ով ինչ կասի՝ կարեւոր չէ: Ավելի կարեւոր է, որ այդ սարքը ոչնչացված է, եւ դա արդեն ազդանշան է»,- ամփոփեց քաղաքագետը։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ԼՂՀ ՊԲ ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, ԼՂՀ Մարտունիի շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված սարքի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:




























