Ամերիկացի լրագրող Սեյմուր Հյորշը, որը զբաղվում է «Հյուսիսային հոսք» գազամուղների դիվերսիայի հետաքննությամբ, կարծում է, որ ԱՄՆ-ը պայթեցրել է խողովակաշարերը Գերմանիային չվստահելու պատճառով։

«Ես կարծում եմ, որ այս որոշման պատճառն այն էր, որ պատերազմն Արեւմուտքի համար այնքան էլ լավ չէր ընթանում, եւ նրանք վախենում էին ձմռան մոտենալուց։ «Հյուսիսային հոսք-2»-ն կանգնեցրել էր հենց Գերմանիան, ոչ թե միջազգային պատժամիջոցները, եւ ԱՄՆ-ը մտավախություններ ուներ, որ Գերմանիան կչեղարկի պատժամիջոցները ցուրտ ձմռան պատճառով»,- ասել է Հյորշը Berliner Zeitung-ի հարցազրույցում, գրել է ՌԲԿ-ն։

Հյորշի խոսքով՝ Սպիտակ տան համար պարզ էր, որ իրենք կարող են պայթեցնել խողովակաշարերը՝ օգտագործելով C4 անվանմամբ, «անհավանական հզորությամբ» պայթուցիկը։ Իսկ պայթյունը կարելի էր կառավարել հեռահար՝ ստորջրյա հիդրոակուստիկ սարքերի օգնությամբ։ Հունվարի սկզբին, ըստ Հյորշի տեղեկության, այս մասին զեկուցել են Սպիտակ տանը։

Եվ այդ ժամանակ նախագահ Ջո Բայդենը, երբ 2022թ. փետրվարի 7-ին Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիս էր տալիս, ասել է, որ «մենք կարող էինք դա անել», հիշեցրել է լրագրողը։ ԱՄՆ նախագահն այն ժամանակ ի լուր ամենքի հայտարարել էր այն մասին, որ Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում «Հյուսիսային հոսքը» չի լինի»։

Հյորշի համաձայն՝ գործողությունը գաղտնի էր, եւ նախագահը չպետք է որեւէ մեկին պատմեր ԱՄՆ հնարավորությունների մասին, բայց «նա սիրում է շաղակրատել եւ երբեմն ասում է այն, ինչ չպետք է ասեր», կարծում է լրագրողը։

Հյորշը նաեւ հավաստիացրել է, որ սկզբում պայթեցումը նախատեսում էին իրականացնել ամռանը, բայց հետո Բայդենը միտքը փոխել է եւ հետաձգել այն մինչեւ սեպտեմբեր։ Նախագահը «կնախընտրեր, որպեսզի Գերմանիան սառչեր, քան թե, գուցե, դադարեր աջակցել Ուկրաինային», նշել է լրագրողը։

Հյորշի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հապաղելու պատճառով «Հյուսիսային հոսքի» տակ դրված ութ ռումբերից գործել է միայն վեցը, քանի որ ռումբերը չափազանց երկար են մնացել ջրի տակ։

«Սա պատմություն էր, որ կցանկանայի պատմել։ 2022թ. սեպտեմբերի վերջին Բալթիկ ծովի Բորնհոլմ կղզու մոտ պետք է ութ ռումբ պայթեր, դրանցից վեցն է պայթել»,- տեղեկացրել է Հյորշը՝ վկայակոչելով աղբյուրը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պատասխանելով Նորվեգիայի դերի մասին հարցին՝ նա նշել է, որ Օսլոն շահագրգռված էր Եվրոպա, այդ թվում Գերմանիա գազի մատակարարումների ավելացմամբ։ Բացի այդ, նրա խոսքով, Նորվեգիայում անբարեհաճ վերաբերմունք է զգացվում Ռուսաստանի հանդեպ։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Հյորշը նոր ստեղծած բլոգում հրապարակել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցումների մասին հետաքննությունը, որում, հղում կատարելով անանուն աղբյուրին, հավաստիացրել է, որ պայթյունը կազմակերպվել է ամերիկացի սուզակների կողմից՝ Նորվեգիայի աջակցությամբ։ Պենտագոնում եւ Գերմանիայում հերքել են ԱՄՆ-ի մասնակցությունը գազամուղների դիվերսիային։

Ռուսաստանում Պետդումա է մտցվել որոշման նախագիծ՝ ՄԱԿ-ին գազամուղների պայթյունների միջազգային հետաքննություն սկսելու առաջարկով դիմելու համար։ Սակայն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը պարզաբանել է, որ ՄԱԿ-ը դրա հետաքննության մանդատ չունի։