Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը հայտարարել է առաջիկա ամիսներին պաշտոնը լքելու մտադրության մասին, ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։

«Հարգելի գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ խորհրդին տեղեկացրել եմ մինչեւ այս ֆինանսական տարվա ավարտը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնից հեռանալու իմ մտադրության մասին: Ես շատ գոհ եմ այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել մեր աշխատանքի հիմնական ուղղություններում… եւ ենթադրում եմ, որ հաջորդ մի քանի ամիսները հիանալի հնարավորություն կընձեռեն ղեկավարության սահուն փոփոխության համար»,- ասել է Մալփասն իր աշխատակիցներին:

Ըստ Bloomberg գործակալության տեղեկատվության՝ խոսքը վաղաժամկետ հրաժարականի մասին է, այն տեղի կունենա Մալփասի լիազորությունների պաշտոնական ավարտից մոտ մեկ տարի առաջ։ Մալփասն ինքը չի բացահայտել իր որոշման պատճառը։

Դեւիդ Մալփասը ծնունդով ամերիկացի է եւ Համաշխարհային բանկի 13-րդ նախագահն է։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի ապրիլի 5-ից։