Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի արեւմտյան սահմանների անցակետերի փակումն անվանել է տնտեսական սադրանք, եւ Բելառուսը պատասխան է պատրաստել այդ գործողությունների համար։ Այս մասին նախագահն ասել է արտասահմանյան եւ բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Դուք տեսնում եք, ինչպես է վարվում Լեհաստանը, Լիտվան։ Տնտեսական տեսանկյունից նրանք անընդհատ սադրում են։ Պատասխանատվությունը դնում են ինձ վրա։ Փակել են անցակետերը։ Ի՞նչ է սա։ Սա տնտեսական սադրանք է։ Նշանակում է՝ չկա առեւտուր, չկա տնտեսություն։ Եվ ահա անընդհատ նրանք սադրանքներ են իրականացնում։ Ուղղակի սադրում են մեզ։ Դե մինչեւ որոշ ժամանակ։ Այժմ մենք մտածում ենք՝ ինչպել դրան պատասխանել։ Որոշումներ են ընդունվել։ Սկզբում մեղմ կպատասխանենք։ Չհասկանան՝ կուժեղացնենք։ Մենք դրա համար բավականաչափ լծակներ ունենք», - ասել է Լուկաշենկոն։
«Բայց սա ամեն դեպքում էսկալացիա է։ Մենք ստիպված ենք պատասխանել։ Դեռ համաչափ, համարժեք։ Եթե հասնի նրան, որ ստիպված լինենք անհամաչափ միջոցներ կիրառել, մենք կկիրառենք։ Դրանք սեղանին են։ Բայց մենք չենք ուզում։ Մենք ուզում ենք բարեկամներ լինել լեհերի, լիտվացիների հետ, ինչպես միշտ է եղել», - ասել է նա։
«Մենք անգամ աչք ենք փակել նրա վրա, որ նրանք դպրոցում քարտեզները գծում են Մինսկի մոտ գտնվող սահմանի հետ։ Նրանք երազում են իրենց գերիշխանության մասին՝ Բալթիկայից մինչեւ Սեւ ծով»,- հավելել է Լուկաշենկոն։ Միաժամանակ նա նշել է, որ ոչ միայն Բելառուսը, այլեւ այլ պետություններ չեն համաձայնի նման հարցադրմանը։
Ավելի վաղ Լիտվան Բելառուսին ծանուցել էր սահմանով տրանսպորտային միջոցների անխափան հոսքն ապահովելու համագործակցության դադարեցման մասին։





























