Եվրոպայում գազի գինը բորսայական գործարքների ժամանակ 2021 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ 1000 խմ-ի դիմաց 550 դոլարից ցածր է դարձել։ Այս մասին վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Օրական ընդհանուր գնի նվազումը կազմում է ավելի քան 4 տոկոս:
Նիդեռլանդներում՝ TTF հանգույցում, մարտյան ֆյուչերսի գինը 1000 խմ-ի դիմաց նվազել է մինչեւ 545 դոլար կամ 49,56 եվրո՝ ՄՎտ/ժ-ի համար (հիմնվելով դոլարի նկատմամբ եվրոյի ընթացիկ փոխարժեքի վրա, ICE գները ներկայացված են եվրոյով 1 ՄՎտ/ժ-ի համար):
Եվրոպայում բավականին տաք եղանակի կանխատեսումների ֆոնին գազի գնանշումները այս եւ հաջորդ շաբաթ նվազում են: Բացի այդ, գազի գնի անոմալ անկումը պայմանավորված է ԵՄ շուկայում գազի ներկայիս ավելցուկով եւ դրա սպառման սահմանափակմամբ։
Այժմ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարանը լցված է 64,81 տոկոսով, այնտեղ գտնվում է 70,22 մլրդ խմ գազ։ Այս ձմռանը Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարանի ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան նախորդ տարիներին՝ լոգիստիկայի եւ գազի մատակարարման աղբյուրների փոփոխության պատճառով:




























