Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը, որը բազմիցս հայտարարել է Չինաստանի սպառնալիքի մասին, կոչ է արել զարգացնել Խաղաղօվկիանոսյան պաշտպանական դաշինքը՝ Չինաստանին դիմակայելու եւ «Թայվանին պաշտպանելու» համար։

«Մենք պետք է ապահովենք իրեն պաշտպանելու Թայվանի ունակությունը։ Եվ մենք պետք է աշխատենք միասին ամբողջ ազատ աշխարհում, որպեսզի անենք դա։ Ես կցանկանայի տեսնել ավելի զարգացած Խաղաղօվկիանոսյան պաշտպանական դաշինք՝ ՆԱՏՕ-ի եւ մեր խաղաղօվկիանոսյան դաշնակիցների միջեւ ավելի սերտ համագործակցությամբ... Եթե մենք հիմա ամրացնենք պաշտպանական կապերը, եթե մենք հիմա ամրացնենք տնտեսական կապերը, դա կօգնի պաշտպանել Թայվանին եւ պաշտպանել ազատությունը»,- ասել է նա՝ Չինաստանի վերաբերյալ ելույթ ունենալով Տոկիոյում, միջխորհրդարանական դաշինքի շրջանակում։

Թրասի խոսքով՝ ավելի խոր տնտեսական կապերը Թայվանի եւ այլ երկրների միջեւ թույլ կտան կանխել հակամարտությունը տարածաշրջանում, իսկ տնտեսությունը կարող է գործիք հանդիսանալ այլ երկրների վրա ազդեցություն գործելու համար։

«G7-ի (երկրները) ներկայացնում են համաշխարհային անվանական ՀՆԱ-ի ավելի քան 40 տոկոսը, եւ եթե ավելացնենք մեր բարեկամներին Եվրամիությունից..., կարելի է ստանալ համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան կեսը։ Սա չափազանց ուժեղ դիրք է։ Այդ տնտեսական քաշը նշանակում է, որ մենք կարող ենք ազդել այլ երկրների վրա»,- ասել է նախկին վարչապետը։

Թրասը կոչ է արել «օգտագործել այդ լծակը», որպեսզի ապահովվի այն, որ G7-ի երկրները եւ նրանց դաշնակիցները հանդես գան «տնտեսական ՆԱՏՕ-ի» դերում։ Նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է համաձայնեցնի համակարգված միջոցների փաթեթ պաշտպանության, տնտեսության եւ քաղաքականության ոլորտում՝ կղզուն աջակցելու համար, եւ պարտավոր է Չինաստանին հասկացնել, որ ռազմական ագրեսիան «ռազմավարական սխալ» է։

«Քանի որ Չինաստանի վերելքին նպաստել է հենց ազատ աշխարհը, հենց ազատ աշխարհը պետք է մարտահրավեր նետի նրա տնտեսական գերիշխանությանը, քանի դեռ չափից ավելի ուշ չէ»,- ասել է նա։