ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո Ռուսաստանին մեղադրել է Մոլդովայի կառավարությունն ապակայունացնելու մեջ: Բլինքենի հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Մոլդովային նրա անվտանգության, անկախության, տարածքային ամբողջականության հարցերում, «բարեփոխման շատ կարեւոր ջանքերին, որոնք ձեռնարկում են նախագահն ու կառավարությունը»։
«Միեւնույն ժամանակ, մենք խորապես մտահոգված ենք որոշ դավադրություններով, որոնք, ինչպես տեսանք, գալիս են Ռուսաստանից՝ կառավարությունն ապակայունացնելու նպատակով, բայց, իհարկե, գնահատում ենք ջանքերը, լավ ջանքերը, որոնք Մոլդովան գործադրում է դրանից պաշտպանվելու համար»,-ասել է Բլինքենը։
«Կարծում եմ՝ Մոլդովան, ոչ իր մեղքով, հայտնվել է դրսից բխող մարտահրավերների կատարյալ փոթորկի մեջ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Մոլդովայի ներսում։ Բայց կառավարությունն ունի բարեփոխումների ուժեղ ծրագիր, ինչպես նաեւ տնտեսական ուժեղ ծրագիր»,-ասել է նա։
Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Մոլդովայի տնտեսության, էներգետիկ ոլորտի բարեփոխումների, ինչպես նաեւ նրա անվտանգության աջակցության ուղղությամբ։ Նա հավելել է, որ ակնկալում է համագործակցել նոր կառավարության հետ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել նոր կառավարությանը վարչապետ Դորին Ռեչանի գլխավորությամբ։





























