Մեծ Բրիտանիայի գործերի հավատարմատարը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ի նշան բողոքի երկրի հասցեին Բրիտանիայի իշխանությունների անհիմն մեղադրանքների շարունակման դեմ, տեղեկացրել է Mehr-ը։

«Իրանի ԱԳՆ Արեւմտյան Եվրոպայի երրորդ վարչության ղեկավարն ասել է, որ անհիմն մեղադրանքները իրանատյացության քաղաքականության շարունակությունն են, եւ կոչ է արել դադարեցնել բրիտանական կառավարության այդ ոչ բարեկամական մոտեցումը»,- նշել է իրանական լրատվամիջոցը։

Մեկնաբանելով ԻԻՀ-ի դեմ Մեծ Բրիտանիայի մտցրած նոր սահմանափակումները՝ իրանցի դիվանագետը քննադատել է Բրիտանիայի կառավարությանը դաժան խտրականության եւ ներգաղթյալների ու մուսուլմանների հանդեպ վայրագության, ինչպես նաեւ փախստականներին Ռուանդա հանձնելու համար, նշել է Mehr-ը։

«Վերջին չորս տասնամյակում Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ չի ենթարկվում օտարերկրյա ճնշմանը եւ, հետեւաբար, շուտով կհայտարարի բրիտանական ռեժիմի պատժամիջոցների պատասխան միջոցների մասին»,- գործակալությունը մեջբերել է ԻԻՀ ԱԳՆ-ի վարչության ղեկավարի խոսքերը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին կանչել էր Բրիտանիայում Իրանի ավագ դիվանագետին Լոնդոնում տեղակայված հակաիրանական ԶԼՄ-ների հասցեին ենթադրվող սպառնալիքների հետ կապված։

Բրիտանիայի կառավարությունը նաեւ հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ուղղված իրանցի երեք դատավորների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք անդամների եւ երկու նահանգապետերի դեմ։

ԵՄ-ն իր հերթին երկուշաբթի պատժամիջոցներ է մտցրել Իրանի երկու կազմակերպությունների եւ 32 քաղաքացիների դեմ։

Իրանի Իսլամական Հանրապետությունը արեւմտյան երկրների մեղադրանքները դիտարկում է որպես ուժեղացված ճնշման մաս, որպեսզի ստիպեն նրան զիջել Արեւմուտքի չափից մեծ պահանջներին միջուկային բանակցություններում, ընդգծել է ԶԼՄ-ն։