«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, այսօր` սեպտեմբերի 19-ին, բացվել է «Ֆրութֆուլ Արմենիա» 7-րդ միջազգային համաժողովը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Գեւորգյանն անդրադարձավ ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր համալիրի շահագործման մեկնարկին, այնպես էլ Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին, մասնավորապես` «Մեկ համակարգիչ` յուրաքանչյուր երեխայի համար» նախագծին: 

«Համոզված ենք, որ Էդուարդո Էռնեկյանի նման անձանց գործունեությունը վարակիչ է լինելու բոլոր նրանց համար, ովքեր թե Հայաստանում, թե Սփյուռքում մտահոգված են հայ ժողովրդի բարգավաճմամբ եւ առաջընթացով: Առիթ ունեցել եմ նշել եւ նորից ցանականում եմ  ընգծել Հայաստանի նկատմամբ նրա անսահման հավատն ու հավատարմությունը»,-նշել է Արմեն Գեւորգյանը: 

Գեւորգյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ համատեղելով նման անձանց եւ պետական կառույցների ջանքերը, ի զորու ենք իրականացնել ծրագրեր, որոնք Հայաստանը կդարձնեն տարածաշրջանի առաջամարտիկներից: Այդ թվում` ունենալ տարածաշրջանի ամենաարդյունավետ գյուղատնտեսությունը:

Համաժողովի բացման արարողությունից հետո համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Արգենտինայի արդյունաբերողների միության միջեւ: Հուշագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, արգենտինական կողմից`Արգենտինայի արդյունաբերողների միության նախագահ` Խոսե Իգնասիո դե Մենդիգուրեն: Ինչպես համագործակցության հուշագրի ստորագրումից հետո նշել է Արսեն Ղազարյանը, համագործակցության հուշագիրը շատ կարեւոր է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման համար: «Այդ նպատակով 2 միությունները պետք է իրականացնեն գործարար համաժողովներ, բիզնես պատվիրակությունների փոխանակում, ցուցահանդեսների կազմակերպում, ներդրումային դաշտի ուսումնասիրություն»: