ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանը, որը բացվել է Նյու Յորքում, Հայաստանի համար կդառնա կորսված հնարավորությունների հերթական փուլը, կարծում է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, հայկական կողմը չի օգտագործում այդ կարեւոր կառույցի ներուժը, որի հետեւանքը հանդիսանում է ՄԱԿ-ում Պաղեստինի անկախության հարցի նկատմամբ նախաձեռնությունների բացակայությունը: «Այս շաբաթ քննարկելու են մի շարք սուբյեկտների անկախության ձեռքբերման հարցը, այնտեղ ներկա են լինելու եւ Հարավային Սուդանի, եւ Կոսովոյի ներկայացուցիչները, սակայն Ղարաբաղի հարցն այնտեղ չի շոշափվելու ոչ բանաձեւի, ոչ էլ հայտարարության տեսքով: Դա եւս մեկ կորսված հնարավորություն է, եւ այդ չօգտագործված հնարավորության մեջ մեղավոր են եւ ԼՂՀ-ն, եւ Հայաստանը»,-հայտարարել է նա:

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց ՄԱԿ-ում առաջին անգամ հայտնվել է «օկուպացված» տարածքներ եզրույթի կիրառմամբ փաստաթուղթ, որը կիրառվել է Ղարաբաղի ազատագրված տարածքների նկատմամբ: Համարելով դա հայկական դիվանագիտության ձախողում` Կիրակոսյանը ափսոսանքով նշել է, որ դա դաս չեղավ Հայաստանի համար, որը ՄԱԿ-ում գործում է պասիվ եւ նախաձեռնությունից զուրկ:

Նրա խոսքով, «ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը մի անձնավորություն է, ում ոչ ոք երբեք չի լսել եւ չի տեսել գործողության մեջ»: