Իսպանական Ուտրերա քաղաքում գիտնականները զարմանալի բացահայտում են արել՝ գիշերային ակումբի տակ հայտնաբերելով միջնադարյան սինագոգ։
Մինչ այս շենքը Իսպանիայում գիշերային ակումբ դառնալը եղել է հիվանդանոց, եկեղեցի եւ դպրոց։ Սակայն վերջերս հնագետները պարզել են, որ շենքն ի սկզբանե միջնադարյան հրեական սինագոգ է եղել՝ այն հինգից մեկը, որոնք պահպանվել են ամբողջ Իսպանիայում, գրում է Live Science-ը:
Հնագետները շենքն առաջին անգամ ուսումնասիրել են 2021 թվականին, երբ հանդիպել են 17-րդ դարի քահանա եւ պատմաբան Ռոդրիգո Կարոյի թողած նկարագրությանը։ 1604 թվականին Կարոն նկարագրել է Ուտրերան որպես մի վայր, որտեղ մինչեւ իր ժամանակները «միայն օտարերկրացիներ ու հրեաներն են ապրել, այդ իսկ պատճառով նրանք այն անվանել են Վալ դե Իուդիոս (Հրեաների հովիտ), որն ունեցել է սեփական սինագոգ, որտեղ այժմ գտնվում է Միզերիկորդիայի հիվանդանոցը:
Ուտրերայի սինագոգը կառուցվել է 1300-ականներին եւ, ամենայն հավանականությամբ, փրկվել է 1492 թվականին Իսպանիայից հրեաների արտաքսումից, քանի որ այն տարիներով օգտագործել եւ լրացրել են, ասել է հնագետ Միգել Անխել դե Դիոսը, որը ղեկավարել է շենքի գիտական հետազոտությունը:
Իսպանիայում հակահրեական տրամադրությունները աճել են 12-րդ եւ 13-րդ դարերի ընթացքում, սակայն 14-րդ դարի վերջին հրեաների դեմ բռնության ալիքը հանգեցրել է 1391-ի կոտորածին: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս կոտորածի ժամանակ սպանվել է մինչեւ 50 000 հրեա, որից հետո մոտ քառորդ միլիոն մարդ ընդունել է կաթոլիկություն՝ հալածանքներից խուսափելու համար։ Մեկ դար անց Ֆերդինանդ թագավորը եւ թագուհի Իզաբելլան արձակել են 1492 թվականի Ալհամբրայի հրամանագիրը՝ մնացած բոլոր հրեաներին Իսպանիայից վտարելու մասին: Նրանց նպատակն է եղել սահմանափակել հրեաների ազդեցությունը նրանց վրա, ովքեր ընդունել են կաթոլիկություն 1391 թվականի ջարդերից հետո:
Այսպիսով, Ուտրերայի սինագոգը, որի նույնականացման մասին հայտարարվել է փետրվարի 8-ին, Իսպանիայում միջնադարյան հրեական կրոնական կյանքի աներեւակայելի հազվագյուտ օրինակ է: Միգել Անխել դե Դիոսի ղեկավարությամբ աշխատող հնագետները վերականգնել են սինագոգի համալիրի հիմնական մասերը, այդ թվում՝ տապանով սրբավայրը, որտեղ պահվել են սուրբ Թորայի մատյանները, հայտնում է UtreraDigital տեղական լրատվական աղբյուրը:



























