Հնագույն բրոնզեդարյան քաղաքի գերեզմանը պեղելիս հնագետները զարմանքով հայտնաբերել են մարդու մնացորդներ, որին, ինչպես պարզվել է, հազարավոր տարիներ առաջ ուղեղի վիրահատություն են արել:

Տրեպանացիան՝ պրոցեդուրա, որի ժամանակ գանգի մեջ անցք են կտրում, պատմականորեն սովորական բժշկական պրակտիկա է եղել աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համար:

Սակայն այս շաբաթ հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պրակտիկան սկիզբ է առել բրոնզի դարից՝ սա գանգային վիրահատության ամենավաղ օրինակն է Մերձավոր Արեւելքում եւ, հավանաբար, աշխարհում բորոտության ամենահին օրինակներից մեկը:

Իսրայելի Թել Մեգիդո քաղաքում գտնվող գերեզմանի հնագիտական պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են մ.թ.ա. 1550 եւ մ.թ.ա. 1450 թվականների միջեւ ապրած բրոնզեդարյան երկու եղբայրների մնացորդներ, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:

Ենթադրվում է, որ ավագ եղբայրը եղել է 21-46 տարեկան, իսկ կրտսերը եղել է դեռահաս կամ 20 տարեկան: Ավագ եղբոր մոտ ուղեղի վիրահատության հետքեր են եղել՝ անկյունային կտրվածքներով տրեպանացիա։

Հետազոտության գլխավոր հեղինակ եւ Բրաունի համալսարանի Յուկովսկու հնագիտության եւ հնագույն աշխարհի ինստիտուտի հետազոտող Ռեյչել Կալիշերն ասել է, որ եղբայրները, որոնց մնացորդները հայտնաբերվել են, հավանաբար արիստոկրատներ են եղել կամ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներ, եւ դա է պատճառը, որ նրանք կարողացել են նման հազվագյուտ բժշկական օգնություն ստանալ:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ երկու տղամարդիկ էլ կյանքում լուրջ հիվանդ են եղել, սակայն գիտնականներն ասում են, որ պարզ չէ, թե որ հիվանդությունն է պահանջել ինվազիվ վիրահատություն՝ բորոտությունը կամ այլ վարակիչ հիվանդություն: