Կալիֆոռնիական Լագունա Բիչ քաղաքում արգելվել են փուչիկների վաճառքն ու օգտագործումը՝ հանուն թռչունների եւ օվկիանոսի փրկության։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2024թ.։ Նման օրենսդրական նախաձեռնություններն ավելանում են ավելի մեծ թվով քաղաքներում, գրել է The Guardian-ը։

Լագունա Բիչում թույլ չի տրվի բոլոր տեսակի փուչիկների արձակումն ու ցուցադրումը հանրային վայրերում եւ քաղաքային միջոցառումներում։ Կանոնների խախտման համար նախատեսվում է տուգանք՝ 500 դոլարի չափով (37,7 հազար ռուբլի)։ Սեփական տունը, նախկինի պես, կարելի է զարդարել փուչիկներով։

Նման արգելքներ գործում են 2021 թվականից Մերիլենդում եւ Վիրջինիայում, 2022-ից՝ Հավայներում։ Նման օրենքներ քննարկում են Նյու Յորքն ու Ֆլորիդան։

Փուչիկներն օվկիանոսում քայքայվում են տասնամյակներ։ Լատեքսը կարող են ուտել նաեւ կաթնասունները եւ կրիաները։ Կուլ տրված փուչիկները 32 անգամ ավելի հաճախ են սպանում թռչուններին, քան սովորական պլաստիկը. փուչիկներն ամենամահաբեր ծովաղբն են թռչունների համար։

«Դա կապված է այն բանի հետ, որ լատեքսից փուչիկները պատրաստված են փափուկ, ճկուն նյութից, որը հեշտությամբ ընդունում է թռչնի ստամոքսի կամ մարսողական տրակտի ձեւը՝ անանցանելիություն, քաղց եւ մահ առաջացնելով»,- ասել է բնապահպան Լարա Օ՛Բրայենը։