Չորեքշաբթի «Ջուդի» արեւադարձային ցիկլոնը հասել է  Վանուատու՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզի պետություն, հաղորդում է Radio New Zealand:

Ցիկլոնը արշիպելագի կղզիներ է բերել հորդառատ անձրեւներ եւ փոթորկային քամիներ, որոնց արագությունը հասնում է 150 կմ/ժ-ի՝ մինչեւ 200 կմ/ժ պոռթկումներով։ Վանուատուի իշխանությունները հայտարարել են, որ երկրի մի քանի շրջաններում, որոնք գտնվում են «Ջուդի» շարժման ճանապարհին, փակվել են դպրոցները, դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը, ափամերձ շրջանների բնակիչները տարհանվում են։  

Եղանակային բարդ պայմանների պատճառով օդանավակայանները փակվել են, իսկ տեղական Air Vanuatu ավիաընկերությունը չեղարկել է բոլոր ներքին եւ միջազգային չվերթները առնվազն մինչեւ հինգշաբթի երեկո։

Վանուատուի օդերեւութաբանության դեպարտամենտը նախազգուշացրել է ջրհեղեղների մասին, որոնց պատճառը կլինեն լեռներում հորդառատ անձրեւները եւ հայտնել, որ եղանակային բարդ պայմանները երկրում կպահպանվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում: «Ցիկլոնը շատ դանդաղ է շարժվում եւ, հավանաբար, չի լքի արշիպելագը մինչեւ մարտի 2-ի երեկո»,- ասել է վարչության ղեկավար Ֆրեդ Ջոկլին։