Ինչպիսին պետք է լինեն Եվրոպայի եւ Արեւմուտքի հետ Ուկրաինայի երկարաժամկետ հարաբերություններն ընդհանրապես, եթե եւ երբ պատերազմն ավարտվի։ Այս հարցն են տվել քաղաքական վերլուծաբաններ Մայքլ Օ՛Հենլոնը եւ Օմեր Թսափիները «ԵՄ 2030. հետպատերազմյան պլան Ուկրաինայի եւ Թուրքիայի համար» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է The National Interest-ի էջերում։
«Կայուն խաղաղությունը կպահանջի արդարացի գործարք, որը թույ կտա Ուկրաինային վերականգնել իր պետությունն Արեւմուտքի հետ ամուր կապերով եւ ամրապնդել իր տնտեսությունը, եթե անգամ ջանա դա անել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի Ռուսաստանի հավանական պատասխան արձագանքը։ Միտքը, թե Ուկրաինան եւ Թուրքիան միասին կդառնան Եվրոպական միության նոր անդամներ 2030թ., ապահովում է ճիշտ ռազմավարական նպատակը՝ տարածաշրջանի նոր ճարտարապետության դիտարկման ժամանակ։ Դրանք Եվրոպայի արեւելյան փաղանգի երկու խոշոր երկրներն են, Ռուսաստանից բացի, եւ այն երկու երկրները, որոնք նաեւ առավել փոփոխական են աշխարհառազմավարական առումով։ Դրանց ամրապնդումն ավելի լայն եվրոպական կարգում կարեւոր կլինի ոչ միայն իրենց ապագա անվտանգության, այլեւ առհասարակ տարածաշրջանի կայունության համար՝ անկախ այն բանից՝ արդյո՞ք մենք կմտածենք Արեւմուտքի համախմբվածության, թե՞ Ռուսաստանի զսպման կամ՝ թե մեկի, թե մյուսի տերմիններով»,- նշել են փորձագետները։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ նման մոտեցման տարրերից մեկը, անշուշտ, պետք է կապված լինի անվտանգության հետ։
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը եւ անվտանգության պարտադիր երաշխիքները ճշմարտանման չեն թվում Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնության շրջանակում։ Բայց ՆԱՏՕ-ի ուժեղ վարժանքային ներկայությունն ապագա Ուկրաինայում՝ անվտանգության նոր եվրասիական կառույցի ստեղծման համադրմամբ, որը կտարբերվի ՆԱՏՕ-ից եւ ավելի ուժեղ կլինի, քան Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, կարող է դառնալ ճիշտ բանաձեւ։ Ուկրաինան կարող էր դառնալ նման կառույցի հիմնադիրներից մեկը՝ ՆԱՏՕ-ի շատ այլ անդամների կամ նրանց մեծամասնության կողքին։ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինից հետո եւ բարեփոխված Ռուսաստանը նույնպես կարող է երբեւէ միանալ դրան»,- նշել են արեւմտյան փորձագետները։
Սակայն բանը միայն անվտանգությունը չէ, որքան էլ որ կարեւոր լինի այն։ Անհրաժեշտ է հաշվի անել նաեւ Եվրոպայում Ուկրաինայի ավելի լայն տեղը, նշել են հոդվածի հեղինակները։
«Այժմ հետպատերազմյան դինամիկայի մասին խորհրդածությունների այլընտրանք է պատերազմի պայմանների սպասումը՝ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ քաղաքական բանակցություններ սկսելու համար։ Համբերության նման ռազմավարությունը կարող է չափից ավելի երկար լինել, չափից ավելի վտանգավոր եւ չափից ավելի թանկ ներգրավված բոլոր կողմերի համար, ներառյալ Եվրոպան եւ ԱՄՆ-ը։ Չնայած Արեւմուտքը պետք է շարունակի Ուկրաինային ռազմական եւ տնտեսական օգնություն ցուցաբերել, նա պետք է նաեւ Կիեւին մտածել տա հետպատերազմյան կայունացման, դեմոկրատիայի եւ բարգավաճման մասին։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հստակ ուղին՝ ֆինանսական շռայլ փաթեթով՝ հետպատերազմյան վերականգնման համար՝ սա բազմախոստում եւ իրատեսական ռազմավարություն է Արեւմուտքի համար»,- գրել է The National Interest-ը։
Բայց այդ երկարաժամկետ եվրոպական ռազմավարական նպատակը, որն Ուկրաինան ներառում է ԵՄ-ում, չպետք է փակի դուռը Թուրքիայի առջեւ։ Եվրոպան չպետք է վերածվի «քրիստոնեական ակումբի»՝ բացառելով կրիտիկականորեն կարեւոր մուսուլմանական երկիրը, որն ակումբին անդամակցության հայտ է ներկայացրել շատ ավելի առաջ, քան 1991թ. Ուկրաինան դարձել է անկախ պետություն, նշել են հոդվածի հեղինակները։
«Իհարկե, Թուրքիայի ավտոկրատական ճանապարհը Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք չի կարող եւ չպետք է պարգեւատրվի։ Դրա փոխարեն ԵՄ-ը պետք է նշի այն ուղեգիծը, որը կխթանի եւ կփոխհատուցի Թուրքիայի քաղակաքան համատեքստն Էրդողանից հետո։ Այսպիսի սցենար կարող է առաջանալ Թուրքիայում ընտրություններից հետո, որոնք նախատեսված են այս ամռանը։ Երկրում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը միայն ամրացրել է թուրքական ընդդիմության վճռականությունը, որը մեղադրում է Էրդողանի կառավարությանը դանդաղ փրկարարական աշխատանքներում, տարերային աղետից հետո ցուցաբերվող անարդյունավետ օգնության եւ շինարարության ցածր ստանդարտների մեջ։ Հարցումների մեծ մասի համաձայն, ընդդիմությունը՝ վեց քաղաքական կուսակցությունների միասնական ճակատը, ունի հաղթանակի բոլոր հնարավորությունները։ Վատ տնտեսական պայմանների եւ Էրդողանի հոգնածության համադրությունը երիտասարդ եւ դինամիկ թուրքական հասարակության լայն շերտերում, հավանաբար, թուրքական քաղաքականության նոր էջ կբացի նույն մարդու կառավարման քսան տարիներից հետո։ Ավելի դեմոկրատական կառավարության պարագայում եւ ՆԱՏՕ-ում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ընդունումից հետո Թուրքիան Էրդողանից հետո արժանի կլինի ԵՄ-ում գտնվելու երկրորդ շանսին։ Հաշվի առնելով Թուրքիայի բարդ եւ պոտենցիալ օգտակար դերն ուկրաինական ճգնաժամում՝ այդ նոր էջը Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերություններում կարող է օգնել նաեւ Անկարային՝ դուրս գալ Ռուսաստանի ռազմավարական եւ տնտեսական ծիրից։
Ուկրաինան ստացել է ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ ռուսական ներխուժումից հետո։ Բայց թեկնածությունն անդամության երաշխիք չէ, ինչի մասին լավ գիտի Թուրքիան, մեկ այլ երկիր, որն ստացել է նման կարգավիճակ 1999թ. եւ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005թ.։ Ինչ-որ մեկը կարող է առարկել, որ ԵՄ-ը չի կարող ընդունել պետություն օկուպացված տարածքով։ Իրականում, ԵՄ-ն արդեն ունի չկարգավորված սահմաններով անդամ՝ Կիպրոսը։ Ի սարսափ Թուրքիայի, Կիպրոսը ստացել է միության անդամության կարգավիճակ՝ չնայած այն բանին, որ դեմ է քվեարկել ՄԱԿ-ի մշակած ծրագրին, որը կմիավորեր կղզին։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը ներկայում կանգնեցվել է այն պատճառներով, որոնք հիմնականում կապված են նրա ավտոկրատական վարչակարգի հետ։ Բայց Կիպրոսը եւ Հունաստանը եւս լուրջ խոչընդոտներ են։ Ընդդիմության հաղթանակն Էրդողանի հանդեպ կարող է հնարավորությունների նեղ պատուհան բացել նաեւ այս ճակատում։ Վերջերս ընդունված փաստաթուղթը, որում ներկայացված է թուրքական ընդդիմության ռազմավարական տեսլականը, ընդգծում է Հունաստանի հետ դիվանագիական փոխգործակցության, ոչ թե թրամարտի անհրաժեշտությունը։ ԵՄ-ին Անկարայի անդամության գործընթացի վերականգնումը հետէրդողանյան դարաշրջանի համատեքստում կարող էր դառնալ օգտակար խթան թուրքական նոր կառավարության համար, որը կորոնի Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրածովում խորապես արմատացած խնդիրների դիվանագիտական, ոչ թե ռազմատենչ լուծումներ։
Այս ամենը ավելի հեշտ է ասել, քան անել։ Բրեքսիթից հետո ԵՄ-ը կորցրել է այն երկիրը, որն ընդլայնման ամենամոլի կողմնակիցն էր։ Վաշինգտոնը եւս կորցրել է իր ամենաարժեքավոր գործընկերոջը ԵՄ-ում։ Միացյալ Թագավորության բացակայությամբ Վաշինգտոնը պետք է դառնա ԵՄ-ի ընդլայնման պաշտպանը։ Փաստարկները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել ԵՄ-ի ֆրանս-գերմանական շարժչին, համոզիչ են. Ուկրաինայի եւ Թուրքիայի ճանապարհը 2030թ. ակումբին անդամակցելու ուղղությամբ զգալիորեն կբարելավի խաղաղությունն ու կայունությունը Եվրոպայում։ Այլընտրանքը կլինեն Ուկրաինան անորոշության մեջ եւ հիասթափված Անկարան, որը կշարունակի հեռանալ տրանսատլանտյան հանրույթից։ Այո, Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, բայց բավական խնդրահարույց։ Անկարան Ռուսաստանից գնել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր եւ ներկայում պատանդ է պահում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամությունը ՆԱՏՕ-ին։ Բայդենի վարչակազմը պետք է ապացուցի, որ ավելի դեմոկրատական Թուրքիան Էրդողանից հետո եվրոպական հեռանկարի կարիք է ունենալու, որպեսզի «ճանապարհը չթեքի»։ Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության հետագծի այս դրական փոփոխությունն, անշուշտ, բեկումնային պահ կլինի թուրք-ռուսական հարաբերությունների համար։
Ի վերջո, միայն ԵՄ-ը կարող է ընդունել որոշումներ իր ապագայի մասին։ Հայտարարելով, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է «տասնամյակներ» տեւել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս գործի է դրել «Եվրոպական քաղաքական հանրույթ» մեծ ու անատամ նախաձեռնությունը, որը միավորում է 42 երկրներ, որի մեջ են մտնում Իսրայելը, Վրաստանը եւ Հայաստանը։ Ուկրաինային եւ Թուրքիային ավելին է անհրաժեշտ, քան մեծ ու անարդյունավետ համաեվրոպական վրանը, որը տնտեսական ու քաղաքական օգուտներ չունի։ Ռուսական նպատակներին իսկապես հաղթելու համար ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը պետք է ստեղծեն ավելի ուժեղ եւ հանդուգն տրանսատլանտյան օրակարգ։ ԵՄ-ում Ուկրաինայի եւ Թուրքիայի ամրապնդումը տասնամյակի վերջին պետք է լինի այդ ռազմավարական տեսլականի կենտրոնում»,- նշել են հոդվածի հեղինակները։





























