Դանիայից հետազոտողները հավաքել են 1626 թվականին ֆլամանդացի վարպետ Կորնելիս դե Վոսի կողմից նկարված ընտանեկան դիմանկարի երկու մասերը, որոնք ենթադրվում է, որ արհեստականորեն բաժանվել են 1830-ից 1859 թվականներին վնասվելուց հետո, ասվում է Nivaagaards Malerisamling թանգարանի հայտարարության մեջ:
Զարմանալի գտածոն առաջին անգամ հայտնաբերվել է, երբ «Հոր եւ որդու կրկնակի դիմանկարը» կտավի ներքեւի աջ անկյունում նկատել են զգեստի մի կտոր, որը, ըստ հետազոտողների, ցույց է տալիս, որ «մայրը առանձնացված է եղել»:
Հետազոտողները սկսել են անհետացած մոր որոնումները անցյալ տարի եւ հայտնաբերել 1966 թվականին Կոպենհագենում գտնվող Ազգային արվեստի թանգարանի զեկույցը, որում ներառված է նկարի լուսանկարը, որն արվել է այն մաքրելուց եւ վերականգնվելուց հետո:
Այս լուսանկարը ցույց է տալիս անհետացած կնոջ ձեռքի «խնամքով մշակված» մանրամասները, որոնք առաջին հայացքից չեն երեւում դիմանկարի ներկայիս վիճակում, ինչը, ըստ հետազոտողների, «նոր լույս է սփռում այն բանի վրա, թե որքան վեհ եւ էլեգանտ» պետք է լիներ բնօրինակ դիմանկարը:
Թանգարանի հատուկ խորհրդատու Յորգեն Վադումը, ասել է, որ փորձագետների թիմը սկսել է իր աշխատանքը՝ դե Վոսի նկարներում պատկերված այլ կանանց միջեւ զուգադիպություններ փնտրելով։
Վադումը նշել է, որ բախտն իրեն ժպտացել է, երբ որոշել է Google-ում պարզ որոնել «տիկնոջ դիմանկարը»:
Արդյունքում պարզվել է, որ 2014 թվականին Լոնդոնի Christie's աճուրդում «Կնոջ դիմանկարը» անսպասելի վերնագրով աշխատանք է ցուցադրվել, որը պատկերել է լայն օձիքով զգեստով մի կին:
«Նկարի նոր սեփականատերը՝ Սալոմոն Լիլիանը՝ Ամստերդամում եւ Ժնեւում գործող արվեստի առաջատար դիլերը, մաքրել եւ վերականգնել է դիմանկարը այն գնելուց անմիջապես հետո», - ասվում է Nivaagaard Collection-ի հաղորդագրության մեջ։
«Տիկնոջ դիմանկարի» վերականգնումը ներառում էր նկարի ֆոնի հեռացման գործընթացը, որից պարզ է դարձել, որ ներկի շերտ է ավելացվել՝ սկզբնական ֆոնը թաքցնելու համար։
«Դիմանկարի ձախ կողմում գտնվող նրբագեղ տիկնոջ հետեւում սկսեց առաջանալ հեռավոր լանդշաֆտ, ինչպես նաեւ կապույտ երկինք՝ սպիտակ հորիզոնական ամպերով», - նշել են թանգարանում:
Պարզվել է, որ այս բնապատկերը համընկնում է «Կրկնակի դիմանկարի» ֆոնի հետ։





























