Թուրքական Turkish Aircraft Industries (TAI) ավիաընկերությունը ցուցադրել է ANKA-3 սթելս-անօդաչուն՝ թռչող թեւի աերոդինամիկ սխեմայով, տեղեկացրել է The Drive-ը։

Պարբերականը նշել է, որ այս թռչող սարքն իր չափերով համադրելի է թեթեւ կործանիչի հետ, նախատեսված է հարվածներ հասցնելու, դիտորդական առաքելությունների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ կիրառելու համար։ Անօդաչուի խնդիրներից են նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերի հայտնաբերումն ու ոչնչացումը։

The Drive-ի համաձայն՝ միաշարժիչ ANKA-3-ը նախատեսվում է կիրառել թուրքական հեռանկարային TF-X սթելս-կործանիչի հետ միասին։ Համակարգերը եւ զինամթերքները կարելի է տեղակայել ինչպես անօդաչուի ներսի, այնպես էլ դրսի կողմում։

Պարբերականի կարծիքով՝ փորձարկումների արդյունքներով ANKA-3-ի կառույցը կարող է փոխվել։